Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը Հայաստանում շատերին է հուսախաբ արել:
Մշտապես արևմտամետ գաղափարներով հանդես եկող քաղաքական ուժերն ու դեմքերը պատրաստվում են այսօր բողոքի ակցիա իրականացնել, որի նախաձեռնությունն ‹‹Ազգային ժողովրդավարական բևեռ››-ինն է:
Ինչո՞ւ Վաշինգտոնում չարդարացվեց Հայաստանում գործող արևմտամետ քաղաքական գործիչների սպասելիքներ՝ ԱԺԲ անդամ Արա Պապյանը մեկնաբանում է հետևյալ կերպ․
‹‹Մենք հիմա էլ հակված ենք դեպի Արևմուտք և գտնում ենք, որ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ է, մասնավորապես, ԱՄՆ-ի: Մեր դժգոհությունն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտք է գնում, մեր դժգոհությունն ու խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտք չի գնում:
Այն քայլերը, որ նա արել է կապ չունի Արևմուտքի հետ: Այս զիջումներն ինքը արել է Ադրբեջանին: Անգամ այդ փաստաթուղթը, որը կոչվում է եռակողմ, բնավ, եռակողմ չէ: Դա համտեղ հայտարարոթյուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին Թամփը զուտ վկա է: Մեր դժգոհությունը մեր իշխանությունից է: Եթե 7 տարվա մեջ մենք ստացած լինեինք ԱՄՆ-ի դաշնակցի, ՆԱՏՈ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակ, ապա իրավիճակն այլ կլիներ: ԱՄՆ-ն Վաշինգտոնում արել է այն, ինչ Հայաստանի իշխանությունն է ցանկացել. անխափան միջանցք, անցուղի տրամադրել Ադրբեջանին, չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Այստեղ ԱՄՆ-ն լավություն է արել Հայաստանին՝ ընդառաջելով Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրանք չեն էլ կարող պատկերացնել, որ իշխանությունը կարող է գործել սեփական երկրի շահերին դեմ: Վաշինգտոնյան բանակցությունից հայկական կողմից միակ շահողը Նիկոլ Փաշինյանն է և ՔՊ-ն››։
-Օգոստոսի 23-ին Գյումրիում արևմտամետ քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը և իր համախոհները բողոքի ակցիա են իրականացնելու՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի: Արդյոք դուք կամ ԱԺԲ անդամներից, որևէ մեկը միանալու է այս բողոքին:
-Ո՛չ: Մենք չենք միանալու Արման Բաբաջանյանի նախաձեռնած բողոքին, որը տեղի է ունենալու Գյումրիում: Մենք չենք միանալու, որովհետև ակնհայտ է, որ նրանք հիմա ակցիա են անում, որովհետև իշխանությունները թույլ են տալիս: Արման Բաբաջանյանը և այդ քառյակը մշտապես սպասարկել են Նիկոլ Փաշինյանի շահերը: Ա՛յ, եթե իրենք, ինչպես մենք մի տարի առաջ ցույց էինք անում (և մենք միակն ենք եղել, որ բազմամարդ ցույց ենք արել՝ ընդդեմ ռուսական ռազմաբազայի, Նիկոլ Փաշինյանը հսկայական տուգանքներ գրեց մեզ և մեր աջակիցների վրա, 100-ից ավելի մեզ աջակիցների բերման ենթարկեցին, փորձ արվեց բախում սադրել) գային միանային մեզ, թեկուզ և, առանձնաբար, մենք կասեինք՝ այո՛, նրանք սկզբունքային արևմտամետներ են: Կներեք, այն պահից հետո, երբ նրանք ռիսկ չեն անում և, երբ իշխանությունն սկսում է խաղեր տալ Արևմուտքի հետ, նոր իրենք բողոքի ակցիա են անում, ապա դա մեզ համար սկզբունքորեն ընդունելի չէ: Մենք իրենց չենք համարում արևմտամետ: Եթե դուք նկատել եք, նրանք միշտ բոլոր հարցերում աջակցում են Նիկոլ Փաշինյանին: Այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական խաղեր էր տալիս, իրենք արդարացնում էին: Հիմա էլ արևմտյան խաղեր են տալիս…. խաղե՜ր են տալիս…. քաղաքական փոփոխություն չկա: Եթե իշխանությունը քաղաքական փոփոխության գնար, մենք չէինք շարունակի նույն կառույցներում մնալ: Ուստի՝ Արմնա Բաբաջանյանը հիմա էլ նույն բանն է անում:
Նրա դերը Նիկոլ Փաշինյանի շահերը սպասակելն ու քաղաքական քայլերի արդարացումն է:
Նանիկ Աղասյան



















































































