Armlur.am-ի տեղեկությունների համաձայն երրորդ դատական հայցն է ներկայացվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ:
Ըստ մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ Սաղաթելյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ ՍԱՏՄ ղեկավարը Սաղաթելյանից պահանջում է օգուտ իրեն բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ, որպես զրպարտության դիմաց ոչ նյութական վնասի փոխհատուցում: Պետրոսյանը պահանջել է նաև Սաղաթելյանին պարտավորեցնել, որպեսզի նույն լրատվականով կամ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլով իրենից հրապարակային ներողություն խնդրել:
Պետրոսյանը նաև պահանջում է, որպեսզի Սաղաթելյան հերքում հրապարակի. «Հերքում. Ես` Վազգեն Սաղաթելյանս, հրապարակայնորեն հերքում եմ տալիս Տիգրան Պետրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին տեղեկացրել էինք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանն էր դատի տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Իսկ օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` կրկին նույն պահանջով:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ուղիղ եթերում Վազգեն Սաղափելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում, ՀԷՑ-ի պուպուլիկը, եկեղեցուց վտարվածները. «Իմնեմնիմի» փոդքասթ #199» վերնագրով փոդքաստում վերը նշված պաշտոնյանների մասին անձնական տեղեկություններ էր հրապարակել, որը ըստ ներկայացված հայցերի զրպարտություն է:
Սոնա Գրիգորյան





























