Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ Ալյասկայում կայանալիք ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի ավարտից հետո։ Այս մասին հայտնել է TF1 հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմից նշել են, որ հանդիպումը «կկայանա այն պահին, երբ այն առավելագույնս օգտակար և արդյունավետ կլինի, Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո և կախված կլինի գրաֆիկից»։ Մակրոնն ու Զելենսկին «սերտ և մշտական երկխոսություն են վարում»,- հավելել են Ելիսեյան պալատում։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն համատեղ ռազմական բազայում։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական հակամարտության կարգավորման քննարկման վրա։ Նրա խոսքով՝ Պուտինը և Թրամփը կքննարկեն նաև երկկողմ համագործակցությունը տնտեսական ոլորտում։


























































































