Ա՜Խ, ԴԵՄՔԵՐԸ ԲՈՒԹ ԵՆ ԱՅՆՊԵՍ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր դուք քննարկում եք օրենք ախրաննիկի մասին»,-երեկ ԱԺ-ում  հանրապետական պատգամավորներ Հովհաննես եւ Գալուստ Սահակյանների հեղինակած  «Պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցման ռեժիմով քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս օրենքի նախագծի հեղինակներին գգուշացրեց` չմտածել, որ  «ախրանա» ունեցողները հետաքրքրված են իրենց անվտանգության եւ պաշտպանության խնդիրներով. դա ընդամենը «պրեստիժի» հարց է. ինչպես «պրեստիժ» է պատգամավորական մանդատ ունենալը, այնպես էլ «պրեստիժ» է թիկնազոր ունենալը:
Նշենք, որ օրենքի հեղինակները գրեթե բաց տեքստով ասում են, որ այս օրենքի նախագծի նպատակը Սերժ Սարգսյանի` 2010 թվականի` ՀՀԿ 20-ամյակի հոբելյանական հանդիսությունների ժամանակ ունեցած ելույթին օրենսդրական շարունակություն տալն է: Ենթադրվում է, որ օրենքը կյանքի է կոչվել նաեւ քաղաքական հակառակորդների կողմից օգտագործվող զենք-զինամթերքի, ուղեկցող մեքենաների եւ այլնի քանակությունը նվազագույնի հասցնելու համար: Նշենք, որ օրենքով նախատեսված է պահպանության ենթակա մեկ անձի համար ոչ ավել, քան մեկ ուղեկցող մեքենա եւ 2-3 թիկնապահ: Վիկտոր Դալլաքյանը սա նմանեցրեց մահմեդական շարիաթի օրենքին, ըստ որի` չի կարելի ունենալ երեք կամ չորս կնոջից ավելի: Իսկ ավելի կոնկրետ` այստեղ մատնացույց արվեցին բոլոր հնարավոր սողանցքները. «Ձեզ կասեն, որ դրանք ոչ թե ախրաննիկ են, այլ մեր օգնականներն են, ռեֆերենտներն են, խորհրդականներն են,  որոնք, իրենց դարակազմիկ մտքերն ի մի բերելով, խորհուրդներ են տալիս»: Իրականում, սակայն, այս «ախրաննիկները» զինված բանդաներ են, որոնք օգտագործվել եւ օգտագործվում են քաղաքական նպատակներով` հիմնականում ընտրությունների ժամանակ:
Մի խոսքով, այս օրենքի նախագիծն այն դեպքն է, երբ, ինչպես հին Հռոմում, չգրված օրենքներն ավելի գործուն են, քան գրվածները:
Իսկ ընդհանրապես, Վիկտոր Դալլաքյանի հաշվարկներով` օլիգարխներին ուղեկցող մեքենաները վաճառքի հանելու դեպքում գումարը կբավականացնի հանրապետության 530 հազար թոշակառուների թոշակը տալուն:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս