Էնդրյուսի ռազմաօդային բազայից թռիչքից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների համար հայտարարություններ է արել, հաղորդում է Reuters-ը։
Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփն ասել է, որ «դրանից ինչ-որ բան կստացվի»։ «Կարծում եմ՝ նրանք փորձում են բանակցություններ վարել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Ըստ նրա՝ Պուտինին թվում է, թե Ուկրաինայի վրա հարձակումներն ամրապնդում են իր բանակցային դիրերքը, «բայց կարծում եմ՝ դա վնասում է նրան»։
Ըստ Թրամփի՝ ինքն Ուկրաինայի և ուկրաինացիների անունից բանակցություններ չի վարելու։
«Ես պետք է թույլ տամ Ուկրաինային որոշում ընդունել։ Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կընդունեն, բայց ես այստեղ չեմ՝ Ուկրաինայի անունից բանակցելու համար։ Ես այստեղ եմ՝ նրանց բանակցային սեղանի շուրջ բերելու համար»,- հայտարարել է Թրամփը։






























