Այսօր դեռևս հայտնի չեն այն ապրանքախմբերը, որոնց ներկրման դեպքում Հայաստանի` ՄՄ անդամակցությունից հետո մաքսային դրույքաչափերը չեն փոխվի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը:
«Բանակցությունները դեռևս շարունակվում են: Ապրիլի 29-ին, հուսով ենք, այս բանակցությունների շարքն ամբողջովին կհստակեցվի: Մենք շատ գոհ ենք բանակցությունների արդյունքներից, սակայն, բնականաբար կան շահերի բախումներ», – նշեց նա:
Պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե քանի անուն ապրանքատեսակի շուրջ են այժմ ընթանում բանակցությունները, և որոնք են դրանք, Ավանեսյանը պատասխանեց, թե ապրանքատեսակների թիվը չի փոխվել, և բանակցությունները շարունակվում են 900 ապրանքատեսակի շուրջ:
«Կան բացառություններ նաև, որոնք պայմանագրերի տակ են ընկնում: Այդ պատճառով պարզ կլինի վերջնական բանակցությունների ավարտից հետո: Այդ ապրանքատեսակների շարքին են պատկանում մսամթերքը, մեքենաները, միջանկյալ նյութերը և այլ բազմաթիվ ապրանքներ», – նշեց նա:
Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք բանակցությունների ենթակա ապրանքների քանակի նվազում, նախարարի պաշտոնակատարը նշեց.
«Այո՛, հնարավոր է, որ նվազեն: Զարմանալի կլիներ, որ չնվազեր: Եթե նվազի, շատ քիչ է նվազելու: Ինքը հենց բացառություններով չէ, որ պետք է կատարվի: Պայմանագրերով կան ապրանքներ, որոնք արդեն բացառություն են: Դրա համար հիմա կոնկրետ թիվ ասել չեմ կարող», – նշեց նա: