Իլհամ Ալիևի հնչեցված կեղծ թեզերին անդրադարձել են «Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի» մեր գործընկերները (https://www.youtube.com/watch?v=6btph6MO-Tg): Մանրամասն տեղեկատվություն է տրվել Շուշի քաղաքի իսլամական ժառանգության՝ մզկիթների, աղոթատների, մեդրեսեների պահպանության շուրջ տարված աշխատանքների մասին: Ներկայացվել են Շուշի քաղաքի Վերին մզկիթի վերանորոգման աշխատանքները՝ սկսած տարածքի բարեկարգումից մինչև ամբողջական վերանորոգում, պեղումներ: Համաձայն Արմինե Հայրապետյանի, ով Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն է, Արցախի իսլամական մշակութային ժառանգության պահպանության և վերանորոգման ուղղությամբ տարվել են նույն ծավալի աշխատանքները ինչ եկեղեցիների և վանքերի պահպանության շուրջ: Նա շեշտել է, որ Արցախի իսլամական մշակութային ժառանգության առաջին համալիր հետազոտությունը իրականացվել է Արցախի Հանրապետության գոյության տարիներին: Հուշարձաններն ունեցել են պահպանության գոտի, համապատասխան փաստաթղթեր:
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի իսլամական մշակութային ժառանգության պահպանության և վերանորոգման աշխատանքների ընթացքի, ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության համար դրանց կարևորության մասին:
Կարևոր է տարբեր տարիների արբանյակային լուսանկարների ցուցադրումը, որտեղ երևում է, որ Շուշիի իսլամական ժառանգությունը չի ոչնչացվել, ինչպես նշում է Ադրբեջանի նախագահը: Նաև ներկայացվել են կարևոր փաստեր, թե ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Վերին մզկիթին: