«Ռոյթեր» գործակալությունը տեղեկացնում է , որ Բրազիլիայի իշխանությունները հրապարակել են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի բյուջեն, որը կազմում է 10,76 միլիարդ դոլար: Գումարով պետք է կառուցվեն քաղաքի զարգացման 27 նախագծով ծրագրված կառույցները, հասարակական տրանսպորտը, ներառյալ` մետրոյի լրացուցիչ գիծն ու կայարանը:
Ծախսերի 57 տոկոսը իր վրա կվերցնի պետությունը, մյուս մասը` մասնավոր կազմակերպությունները: Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պայեսն ասել է, որ նախահաշվի գումարը 2009 թ. համեմատ, երբ Ռիոն ստացավ խաղերն անցկացնելու իրավունք, աճել է 25 տոկոսով: Սա կապված է նոր նախագծերի և դրամական 30 տոկոս ինֆլյացիայի հետ:
Հիշեցնենք, որ Ռիոյում օլիմպիական մարզահանդեսը տեղի կունենա 2016 թ. օգոստոսի 5-21-ը : Ի դեպ, սա Հարավային Ամերիկայում կայանալիք առաջին օլիմպիական խաղերը կլինի :