Լիլի Մորտոն նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը՝ «Դու ես ու դու», այս անգամ հայերենով և իր հարազատ Կապանի բարբառով: Երգն ու տեսահոլովակը համատեղ աշխատանք են Լիլիի և երաժշտական պրոդյուսեր Tokionine-ի միջև, որի վրա նրանք երկար ժամանակ աշխատել են:
Ի դեպ, Tokionine-ը շատերին հայտնի է որպես Մալենայի պրոդյուսեր և եվրատեսիլյան երգի համահեղինակ, որը երգչուհուն հաղթանակ էր բերել։
Armlur.am-ին Լիլին պատմել է, որ վաղուց էր ցանկանում իր հարազատ բարբառով երգ ներկայացնել, և վերջապես պահը հասունացել էր։ «Ընտրեցինք այս երգը, չէ՞ որ 80-90-ականներն այսօր շատ արդիական են։ Տեսահոլովակի շատ տեսարաններ նկարահանվել են 90-ականների տեսախցիկներով՝ VHS-ով։
Ուրախ, թեթև աշխատանք է, ներկայացրել ենք այդ տարիներին այդքան նորաձև ֆիթնես պարապմունքներից հատված», — ասել է նա:
Երգչուհին ընդգծել է նաև, որ Սյունիքի ուշադրության կենտրոնում գտնվելը ևս պատճառ է, որ հենց այս բարբառով երգի. «Հույս ունեմ՝ սյունեցիներն ինձ կաջակցեն՝ իրենց հարազատ բարբառով երգն անդադար լսելով»։
Հավելենք, որ Լիլին և Tokionine-ն իրականացնում են համատեղ նախագիծ, որի նպատակն է 80-ականներից մինչև 2000-ականներ համաշխարհային հայտնի հիթերին նոր շունչ հաղորդել և հայերենով դրանք ներկայացնելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլի Մորտոն հանդես էր գալիս ռուսալեզու երգերով:





























