Խորհրդարանում այսօրվանից սկսվելու է նիկոյանական ժամանակաշրջանը: Ի դեպ, այս ձեւակերպումն ամենեւին էլ պատահական չէ. դատելով ԱԺ խոսնակի թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի երեկվա ելույթից` ինքը գալիս է արմատախիլ անելու նախորդի` ԱԺ նախկին նախագահ, իսկ հիմա ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի դրած հիմքերը:
ԱԺ նախագահի թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա այսօր` ժամը 12:30-ին: Թեկնածուներն էլ երկուսն են: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, վկայակոչելով ՀՀԿ խորհրդի վերջին նիստի որոշումը, առաջադրեց Սամվել Նիկոյանին: Բոլորովին անսպասելի կերպով ձայն խնդրեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հերթին որպես ԱԺ նախագահ առաջադրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին: Ի դեպ, ԱԺ նախագահի նախորդ ընտրություններում եւս «Ժառանգություն»-ն առաջադրել էր Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը (այն ժամանակ Ալավերդյանը ստացավ 5 ձայն):
Ինչեւէ, երեկ ամեն ինչ արտաքուստ ընթացավ սովորական հունով. ԱԺ նույն կիսադատարկ դահլիճն էր, որտեղ թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ելույթները, պատգամավորները նրանց հարցեր տվեցին, հետո ելույթներ ունեցան: Բայց այս ամենը միայն արտաքուստ էր: Իրականում Սամվել Նիկոյանի ելույթը կարելի է սկանդալային համարել: Այնտեղ նա քողարկված, սակայն բոլորին հասկանալի ակնարկներով հակադրվեց Հովիկ Աբրահամյանին: Բանն այն է, որ իր ընտրվելու առաջին իսկ օրվանից Աբրահամյանն ամեն առիթով խոսում էր ԱԺ դերի բարձրացման մասին, մինչդեռ երեկ Նիկոյանը «սխալ հանեց» իր նախկին վերադասին. «Ես զերծ կմնամ «ԱԺ-ի դերի բարձրացում» անչափելի եզրույթն օգտագործելուց եւ կառաջարկեմ «Սահմանադրությամբ եւ օրենքներով հստակ ամրագրված լիազորությունների» լիարժեք իրագործման տերմինը»,-հայտարարեց նա: Նիկոյանը նաեւ խոստացավ վերացնել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների` խորհրդարանի տարածք մուտք գործելու սահմանափակումները, որոնք, ի դեպ, սահմանվել էին Հովիկ Աբրահամյանի օրոք: Եւ այսպես շարունակ: Հետո արդեն ելույթ ունեցավ Լ.Ալավերդյանը` ասելով, որ ինքն ուզում է ունենալ երանելի երկիր եւ երանելի պետություն, որտեղ ԱԺ-ն է իրավական պետություն կայացնող գլխավոր տարրերից մեկը:
Թեկնածուների նախընտրական «ճառերին» հաջորդած պատգամավորների ելույթները փայլեցին իրենց անշուքությամբ. ԱԺ ամբիոնից Նիկոյանին նվիրված ընդամենը մի քանի ելույթ հնչեց. կոալիցիոն կուսակցություններից ընդամենը մեկական հոգի, այն էլ ոչ թե խմբակցությունների ղեկավարների, այլ պատգամավորների մակարդակով: Տպավորություն էր, որ նրանք ելույթ ունեցան ընդամենը պարտք կատարելու համար: ՀՀԿ-ից ամբիոնի մոտ բարձրացավ Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Վարդան Բոստանջյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը: Ընդ որում, Գագիկ Մինասյանը հետո, դուրս գալով ԱԺ դահլիճից, պարզապես պատռեց Նիկոյանին նվիրված ճառը, որտեղ նա ԱԺ ապագա խոսնակին բնութագրում էր որպես չափազանց բծախնդիր, չափազանց պահանջկոտ, չափազանց սկզբունքային անձնավորություն: Լարիսա Ալավերդյանի արժանիքները «Ժառանգություն» խմբակցությունից ներկայացրին միանգամից 3 պատգամավորներ` խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս խմբակցությանը` ՀՅԴ-ին, այդտեղից որեւէ մեկը ելույթ չունեցավ: Ավելին, նրանք անգամ որոշում չեն կայացրել, թե ում օգտին են քվեարկելու:
Ի դեպ, 3 տարի առաջ, երբ խորհրդարանը կրկին ԱԺ նախագահ էր ընտրում, դահլիճում քննարկումներն առավել քան բուռն էին ընթանում: Ներկայացուցչական էր նաեւ ելույթ ունեցողների կազմը. Հովիկ Աբրահամյանի մասին խոսեցին կոալիցիայի՝ այն ժամանակ բոլոր չորս խմբակցությունների ղեկավարներն անձամբ` ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Ավելին, արտահերթ ելույթ ունեցան ԱԺ այն ժամանակվա փոխնախագահներ Հրայր Կարապետյանն ու Արեւիկ Պետրոսյանը: Խոսեցին նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, Մկրտիչ Մինասյանը: Մի կողմ թողնենք, որ այդ ելույթների գերակշիռ մեծամասնությունը քծնանքի յուրահատուկ նմուշներ էին` առ Հովիկ Աբրահամյան: Այնուամենայնիվ, ներկայացուցչական առումով հատկանշական էր, որ իրենց խոսքն ասացին խմբակցությունների ղեկավարները: Մինչդեռ Նիկոյանի դեպքում այս ամենը չեղավ: Իսկ թե ինչու, մնում է միայն ենթադրել:
Հ.Գ. Թեեւ ի սկզբանե պարզ են ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները, սակայն ՀՀԿ-ում ցանկանում են, որ Նիկոյանը հնարավորինս շատ ձայն ստանա: Մի բան, որի իրականացումը խիստ կասկածելի է թվում. ենթադրվում է, որ պատգամավորներից շատերը պարզապես հարկ չեն համարի Նիկոյանի համար գալ, հասնել ԱԺ: Ի դեպ, ՀՀԿ-ն Էդուարդ Շարմազանովին էլ խորհրդարանի փոխխոսնակ կդարձնի այսօր` արտահերթ կարգով, ինչպես գրել էր «Ժողովուրդ»-ը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԻԿՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԳԱՄԻՉԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ