Թևոսիկի եղբոր սպանության գործը ԱԱԾ է տեղափոխվել՝ դատախազի հանձնարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի  սպանության  գործը  ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն է փոխանցվել դատախազի հանձնարարությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյան (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո): Իսկ երբ վերջինը կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ներգրավմամբ՝ օրեր շարունակ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ կոյուղում դիակն այդպես էլ չհայտնաբերվեց։ Տվյալ տարածքում ԱԻՎ-ը որոնողական աշխատանքները դադարեցրել է։ Ու չնայած դիակը բացակայությանը՝ այդուհանդերձ, ոստիկանությունը Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն Թեւոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու,այլ նաեւ՝ Մոսոյին սպանելու համար։ Մինչդեռ, փաստաբանները հայտարարում են, որ Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ։

Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ երկրորդ անձը՝ Տիգրան Ասատրյանը, ով, ըստ ոստիկանության, տեղյակ լինելով պատվիրված սպանության և Մովսես Ներսիսյանի սպանության հանգամանքներին, այդ մասին չի հայտնել համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք՝ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:




Լրահոս