Armenian text to speach

ԵԿԵՂԵՑԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԳՏՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զրուցել է Մայր Աթոռի միաբան, «Գարեգին I» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի հետ։ Զրույցը հիմնավորապես վերաբերում էր իշխանություն-եկեղեցի փոխհարաբերություններին։

Հա՛յր Սուրբ, վերջին ժամանակահատվածում ի՞նչ է տեղի ունենում եկեղեցի-իշխանություն հարաբերություններում։ Ինչո՞ւ սկսվեց լարվածությունը պետականության համար կարեւորագույն այս երկու մարմինների միջեւ։
-Եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ ունեցել են որոշակի լարվածություններ՝ թե՛ նախկին իշխանությունների օրոք, թե՛ ներկայիս շրջանում։ Չեմ կարող կոնկրետ նշել, թե ինչպես եւ ինչով սկսվեց այս իրավիճակը, բայց կարող եմ ընդգծել, որ դրա ազդեցությունը բացասական է հատկապես մեր հասարակության վրա, որովհետեւ ե՛ւ պետությունը, ե՛ւ եկեղեցականներս օրինակ ենք մեր ժողովրդի համար։ Բարենպաստ կլինի, որ մեր բառապաշարում առկա լինի զուսպ խոսք եւ օրինապահություն, քանի որ մենք առաջնորդողն ու դաստիարակողն ենք հասարակության։ Ուստի իմ խնդրանքն է մեր պետական այրերին եւ հոգեւոր եղբայրներին՝ զերծ մնալ անձնական վիրավորանքներից եւ անվերապահ մեղադրանքներից։ Մենք պետք է առաջնորդվենք ավետարանական սկզբունքներով։
-Հա՛յր Սուրբ, քանի որ նշեցիք, որ լարվածությունը նոր չէ, եղել է նաեւ տարբեր իշխանությունների ժամանակ, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ երկու անկախ կառույց չեն հանդուրժում իրար։ Գուցե պատճառը քննադատություննե՞րն են, օրինակ՝ երբեմն եկեղեցին քննադատում է իշխանության վարած քաղաքականությունը։
-Իրավական առումով եկեղեցին եւ պետությունը անկախ կառույցներ են, սակայն իրականում նրանք չեն կարող լիարժեք ինքնուրույն գործել։ Այդ նույն իշխանավորն ու հոգեւորականը ե՛ւ հայ եկեղեցու զավակ են, ե՛ւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն՝ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող, որովհետեւ ե՛ւ պետության, ե՛ւ եկեղեցու հիմնական նպատակը հասարակության առաջնորդումն ու դաստիարակությունն է։ Մենք անհրաժեշտ ենք միմյանց եւ այդ համագործակցությամբ կարող ենք լիարժեք լինել ու ավելի արդյունավետ ծառայություն մատուցել ժողովրդին։
-Եկեղեցին իր ներսում ինքնաքննադատություն իրականացնո՞ւմ է։ Օրինակ՝ որեւէ հարցի շուրջ որոշում կայացվի դիրքորոշում չարտահայտել, որպեսզի իշխանության հետ հարաբերությունները չվիճարկվեն։
-Չեմ պատկանում բարձր աստիճան ունեցող հոգեւորականների շարքին, ուստի չեմ կարող որեւէ պաշտոնական տեղեկություն հայտնել եկեղեցու անունից։ Սակայն, հաշվի առնելով մեր եկեղեցու կառուցվածքը եւ հայ առաքելական եկեղեցու գործունեությունը տարբեր մշակութային միջավայրերում, ամբողջ աշխարհում, վստահ եմ, որ բարձրաստիճան հոգեւորականների մեջ նույնպես առկա է բազմակարծություն։ Մենք ի վերջո նաեւ ապրում ենք մեր միջավայրի հասարակության արժեքներով։ Եկեղեցին մշտապես անդրադառնում է իր սխալներին եւ փորձում շտկել դրանք, սակայն նախընտրում է այդ գործընթացը իրականացնել էվոլյուցիոն՝ աստիճանաբար եւ մտածված ձեւով։
-Ասացիք, որ եկեղեցին փորձում է հանրության շրջանում հավասար վերաբերմունք դրսեւորել, սակայն այդուհանդերձ շատ քննադատություններ են հնչում, ասվում է, որ եկեղեցին լուռ է, նույնիսկ մեղադրանքների հասնող հայտարարություններ են լինում։ Ինչո՞ւ է եկեղեցին ընտրել լռելու ռազմավարությունը։
-Մեր հասարակությանն ու իշխանություններին դիտարկում ենք իբրեւ մեկ ընտանիք, իսկ ընտանիքում հաճախ լինում են տարբեր խոսակցություններ, երբեմն նույնիսկ վիրավորանքներ։ Սակայն ընտանիքի ծնողները միշտ փորձում են սիրով եւ հանդուրժողականությամբ լուծել խնդիրները։ Եկեղեցու եւ հատկապես Վեհափառ հայրապետի դիրքորոշումը հենց դրա վառ ապացույցն է։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս