2013 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում շարունակվել են աճի միտումները` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը` հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2013թ-ի ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը։
Նրա խոսքերով` ՀՀ տնտեսության ֆինանսական կայունության վրա ազդող արտաքին հիմնական ռիսկերը 2013 թ. ընթացքում պահպանվել են:
Միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների համեմատաբար ցածր մակարդակը, ՀՀ արդյունաբերության ճյուղի ցուցանիշների ցածր աճը և շինարարության ճյուղի նվազումը բացասաբար են անդրադարձել ՀՀ տնտեսական աճի տեմպի վրա:
Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա, ըստ Ա.Գրիգորյանի, արտահանման ծավալների աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:
Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը որոշակի թափ է հավաքել տարվա երկրորդ կեսին` հիմնականում պայմանավորված զարգացած երկրների` առավելապես ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով:
Եվրագոտու երկրներում, ի տարբերություն տարվա առաջին կեսի անբարենպաստ զարգացումների, տարեվերջին արդեն նկատելի էին տնտեսական անկման հաղթահարման միտումներ:
Զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղման միտումը պահպանվել է` իր հերթին նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի գների ցածր մակարդակի պահպանմանը:
Զարգացող և զարգացած երկրներում դրամավարկային մարմինները տարվա գերակշիռ ժամանակահատվածում շարունակել են նախապատվությունը տալ տնտեսական աճի խթանման ու ամրապնդման քաղաքականությանը: