Մայիսի 7-ին Ազգային ժողովում հնչեցրած «սպառնալիքներից» հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում՝ ըդդիմությանը «ԱԱԾ պադվալներ ուղարկելու» կոչի համար։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովը քննության էր առել 2025 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ծագած վեճի բովանդակությունը։ Նիստի ընթացքում մի շարք ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում էին վերջինիս 7 տարիների կառավարման օրոք տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալները եւ վերհիշեցնում հայտնի «պոզով-պոչով կոռուպցիայի կենդանուն»։
Ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում էին ԱՆԻՖ-ում մսխած 25 միլիարդ դրամի եւ ձախողած աշխատանքների մասին։ Air Arabia, FlyArna, «Լիլիանարմ» ընկերության անբարեխիղճ աշխատանքի, անորակ շինարարության եւ պետբյուջեից հատկացրած միլիարդների կորստի մասին։
Փաշինյանը փորձում էր առանց նյարդային ջղաձգումների պատասխանել, սակայն դահլիճից հնչող «ռեպլիկների» նկատմամբ չէր կարողանում անտարբեր անցնել, եւ սկսվեցին լեզվակռիվ ու փոխադարձ վիրավորանքներ։
Հանձնաժողովը մանրամասն լսել, վերծանել եւ հատ առ հատ գրի է առել ԱԺ դահլիճում հնչած յուրաքանչյուր բառ ու նախադասություն, իսկ որպես ապացույց՝ հաշվի են առնվել ԶԼՄ-ների ներկայացրած տեսագրությունները եւ Ազգային ժողովի ուղիղ եթերի ձայնագրությունը։
Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրին՝ ինչո՞ւ են անհետեւանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող եւ կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց, թե մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվի, ապա «սաղին պտի տանի լցնի ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», ինչը ուղեկցվում էր նաեւ նրանց «համբալ» վիրավորական բառով դիմելով։
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ տեղեկացրել էր, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես «համբալ», «վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Հանձնաժողովը քննության է առել «արա» բառը, որը խոսակցական իմաստով ունի «արա, այ տղա, է՜յ» իմաստները՝ ըստ բացատրական բառարանի։
Քննության է առնվել «համբալ» արտահայտությունը, ըստ հանձնաժողովի եզրակացության՝ բառը նույնանում է «համալ» բառի հետ, որը բացատրվում է «շալակավոր բեռ տանող մշակ, բեռնակիր»։
Արձանագրվել է, որ «համբալ» բառը ունի նաեւ փոխաբերական իմաստ «հիմար, տգետ»։ Ըստ այդմ, նոր եւ ժամանակակից բառարաններում առկա բառիմաստի ընդլայնումից, այն որպես բացասական եւ վիրավորական բառ ընկալելու հանգամանքից ելնելով՝ Հանձնաժողովն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի կողմից կիրառված «համբալ» բառն ունի վիրավորական նշանակություն։
Քննության առնված հաջորդ արտահայտությունը «մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ պադվալը» սպառնալիքն է։
Այս խոսքերին դահլիճից արձագանքել էին՝ «առաջինը դու պիտի նստես», ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր նույն արտահայտությամբ՝ առաջինը դու պիտի նստես, ու դու կնստես։
Հանձնաժողովը կարծում է, որ ՀՀ վարչապետի նշված խոսքը չի կարող հասկացվել որպես պատգամավորին ազատությունից զրկելու ուղղակի սպառնալիք, այլ պետք է դիտարկվի մինչ այդ պատգամավորի հետ առկա երկխոսության եւ ՀՀ վարչապետի ամբողջ խոսքի բովանդակության համատեքստում։
Ըստ այդմ՝ Հանձնաժողովը գտել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե նպատակ է ունեցել սպառնալ ԱԺ պատգամավորին, որ նրանք կզրկվեն ազատությունից, այլ ընդգծել է իր կարծիքով ԶԼՄ հրապարակումների հիման վրա միանշանակ հետեւություններ կատարելու խնդրահարույց բնույթը եւ հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների խոսքին՝ փորձելով ցույց տալ, որ նրանց հետ կապված առկա են նույնպիսի խնդիրներ, ինչպես որ իշխանության ներկայացուցիչ պաշտոնատար անձանց դեպքում։ Նշված խոսքերի սադրիչ բնույթը հանգեցրել է, ըստ Հանձնաժողովի, ԱԺ պատգամավորի հետ վիճաբանության, որի շրջանակում արդեն ՀՀ վարչապետը պատասխանել է դահլիճի արձագանքին՝ կրկնելով հնչեցրած խոսքերը՝ «առաջինը դու պիտի նստես ու դու կնստես»։
Ստացվում է, որ Հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «ԱԱԾ պադվալում փակելու» սպառնալիքից հետո ԱԺ է գալիս ՀՀ Գլխավոր դատախազը եւ ներկայացնում 2 պատգամավորների՝ անձեռնմխելիությունից զրկելու դիմում։ Իսկ այդ պատգամավորները Փաշինյանի հետ վիճաբանող պատգամավորներն են եղել Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը։ Այսքանից հետո Հանձնաժողովը խնդրո առարկա համարել է «համբալ» բառը։
Նիկոլ Փաշինյանը 2 վարույթի շրջանակներում էլ թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում եւ 2-ի համար էլ ներողություն է խնդրել հանրային մակարդակում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























