Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն armlur.am -ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հանձնարարությանը, թե շահագրգիռ պետական մարմինները սեղմ ժամկետներում պետք է նախապատրաստեն օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը՝ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Հակոբ Հակոբյանի խոսքով` քանի որ օրենքն իր դրույթներով գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այն գործատուներն ու քաղաքացիները, որոնք հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին գումարները չեն փոխանցել, նրանք տուգանվելու են, իսկ կառավարության նպատակն է կասեցնել այդ տույժ-տուգանքները այդ ժամանակահատվածի համար, մինչև կհանգեն ընդհանուր եզրահանգման, օրենքի հակասահմանադրական դրույթների հետ:
«Եթե խոսքը վերաբերում է միայն 76-րդ հոդվածին, ապա դա չփոխանցված գումարների հետ կապված տույժ-տուգանքների կիրառումն է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
-Պարո՛ն Հակոբյան, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօր մեզ հետ զրույցում կառավարության այդ որոշումը մեկնաբանել էր այսպես. «Գործատուները պահումներ կարող են անել միայն աշխատակցի գրավոր համաձայնության դեպքում: Այս որոշմամբ գործատուներին տույժեր չեն հատկացվի, եթե նրանք չկատարեն և չփոխանցեն պարտադիր կուտակային պահումները»:
-Ես խորհուրդ կտամ մեկնաբանողներին բացել և կարդալ օրենքը: Օրենքում նման դրույթ չկա: Մենք խոսում ենք պարտադիր վճարի մասին, որը քաղաքացու կամքը չի հարցնում:
-Դուք, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս կքվեարկի այս օրինագծին ՀՀԿ-ն:
-Ես, որպես պատգամավոր, կարծում եմ, որ այս օրինագիծը դրական է, որը զերծ կպահի անհատ ձեռներեցներին ու գործատուներին տույժ-տուգանքներից:
Սոնա Դավթյան