Դեկտեմբերի 3-ին` կեսգիշերին, կրկին ժամկետային զինծառայող է մահացել: Զինվորի դիակը գտել են սահմանի մոտ` ծնոտի տակից մահացու հրազենային վերքով: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` կրակոցը եղել է ուրիշի զենքից:
Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Դուց» կոչվող զորամասում վերը նշված օրը` ժամը 00:55-ի սահմաններում, երբ 19-ամյա Նարեկ Ռոբերտի Դավթյանը սահմանի վրա հերթափոխի է եղել: Նշենք, որ Նարեկ Դավթյանը բանակ է զորակոչվել սույն թվականի հունիս ամսին, այսինքն` ընդամենը վեց ամսվա ծառայող էր: Նարեկը ծնունդով Գյումրեցի էր, գրանցված էր Գյումրու Սեւյան թաղամասում: Երեկ նրա հուղարկավորությունն էր, որը տեղի ունեցավ Երեւանում:
Նարեկը միակողմանի ծնողազուրկ էր, երկար ժամանակ մոր հետ Ռուսաստանի Դաշնությունում էր ապրել, իսկ վերջերս էլ վերադարձել էր Երեւան, որտեղ վարձով էր բնակվում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նա Երեւան էր վերադարձել հատուկ հայոց բանակում ծառայելու եւ իր պարտքը կատարելու նպատակով: Նարեկի մայրը որդու ծառայության ժամանակ գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն լսելով որդու հետ կատարվածի մասին` վերադարձել էր Երեւան: Երեկ Երեւանում էին գտնվում Նարեկի բոլոր հարազատները, սակայն «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել նրանց հետ: Այնուամենայնիվ, տեղեկացանք, որ հարազատների մի մասի կարծիքով՝ 19-ամյա ժամկետային զինծառայողն ինքնասպանություն չի գործել, դա եղել է դժբախտ պատահար: Իսկ որոշների կարծիքով էլ Նարեկի վրա իր ծառայակից ընկերներից մեկն է կրակել:
Տեղեկացնենք, որ Նարեկն ուրիշի զենքով գիշերը` ժամը 1-ի սահմաններում, գնացել է պահակակետ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ըստ որոշ լուրերի` սպանված զինվորն իր ծառայակից ընկերներից մի քանիսի հետ խնդիրներ է ունեցել: Նարեկին ճանաչողները նրան բնութագրում են որպես համեստ, խելոք ու խելացի տղա, որը ՌԴ-ում լավ կրթություն է ստացել:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացավ, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ի դեպ, երեկ «Չենք լռելու» նախաձեռնությունը հայոց բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ինքնասպանություն գործած կամ սպանված զինվորների հարազատներին վճարում կամ վախեցնում են` լռելու համար: Սարսափելի հրեշավորությամբ նրանք լռում են… Բանակում տիրող խայտառակության առաջին եւ անմիջական պատասխանատուն շարունակում է մնալ ԶՈՒ հրամանատարը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը»: «Չենք լռելու»-ն շարունակում է պահանջել վերջինիս հրաժարականը:
ԿՐԱԿԵԼ Է ՈՒՐԻՇԻ ԶԵՆՔԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ