Շնորհավորական ուղերձներ՝ Հովիկ Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի վարչապետ,

Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման գործում՝ գալիք մարտահրավերները հաղթահարելու համար: Հավատացած եմ, որ հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման ոգով»:

Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ Թամմամ Սալամի ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և համագործակցային կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Շնորհավորական ուղերձ է հղել նաև Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրին, ով պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ի շահ երկու երկրների:




Լրահոս