Կիլիկիա ավտոկայանի տարածքում սյունն ու մայթը դարձել են աղբաման. երեւի շատ մարդիկ մոռացել են, որ քաղաքը մեր բոլորինն է, ու մաքուր պահելը մեր պարտականությունն է առաջնահերթ։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ են եկեղեցիների շենքերը շքեղ, այլ ոչ թե հասարակ ու համեստ: Ո՞րն է դրա իմաստը։
Ժենյա Հակոբյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սխալ է ասել, թե եկեղեցին շքեղ է, այն պատշաճորեն գեղեցիկ եւ մաքուր է, քանի որ աներեւույթ Աստծո բնակարանն է: Ս. Հովհաննես առաքյալն ասում է. «Աստծո Որդու Արյունը սրբում է մեզ ամեն մեղքից…եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին` Արդարին եւ Անարատին, եւ Նա է քավությունը մեր մեղքերի»: Եկեղեցում` Սուրբ Պատարագի ժամանակ ենք հաղորդվում մեր Աստծո` Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Աստված Սուրբ է եւ սուրբերի մեջ է բնակվում (տես` Բ Կորնթ. 6.14-7.1), ուստի այն տեղը, որտեղ տեղի է ունենում մեր հանդիպումը` Սուրբ, Անմեղ, Արդար եւ Անարատ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղորդությամբ, պետք է լինի պատշաճորեն գեղեցիկ եւ մաքուր:
Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայ Եկեղեցու առաջին հիմնադիրներն են Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք կոչվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց շիրիմները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի Արտազի (Մակու) եւ Աղբակի (Պաշքալե) վանքերում։ Բոլոր քրիստոնյա եկեղեցիները համամիտ են Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասին եղած հայոց ավանդությանը եւ անվարան ընդունում են թե՛ նրա առաքելական շրջանը եւ թե՛ Հայաստանում քարոզելն ու այնտեղ մարտիրոսված լինելը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը կենսաթոշակ ստանալու համար դիմում է ներկայացնում, ապա ինչ ժամկետում է այն նշանակվում։
Քրիստինե Լալայան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ք. Լալայանաի հարցին ի պատասախան տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`
նշանակել կենսաթոշակ,
նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:























