Կոլումբիայում գտնվող մի համալսարանի տնօրինությանը հարցրեցին, թե ընդունակությունների եւ մասնագիտական կարողությունների վերաբերյալ ինչ թեսթեր են առաջարկվում այն դիմորդներին, ովքեր ցանկանում են լրագրություն սովորել։ Պատասխանը միանշանակ էր. «Լրագրողներն արտիստներ չեն»։ Այս տեսակետն անշեղորեն ուղղորդվում է այն համոզմունքով, որ լրագրությունը գրական ժանր է։
Հիսուն տարի առաջ լրագրության դպրոցները մոդայիկ չէին։ Այս արվեստը սովորում էին խմբագրությունների նորությունների բաժնում, տպարաններում, փողոցների անկյուններում գտնվող կիսախարխուլ սրճարաններում եւ ամեն ուրբաթ կազմակերպվող երեկույթներում։
Թերթերն արտադրվում էին համքարության սկզբունքով, երբ անհրաժեշտ ուսուցումը եւ տեղեկատվությունը տրամադրվում էին (եւ տեսակետներն առաջանում) համագործակցության մթնոլորտում, որտեղ պահպանվում էր շիտակությունը։
Լրագրողները խիստ համախմբված էին։ Մենք նույն կյանքն էինք վարում եւ այնքան մոլեռանդորեն էինք կապված մեր մասնագիտությանը, որ ոչ մի այլ բանի մասին չէինք խոսում։
Աշխատանքն ինքը նպաստում էր ընկերություն անելուն, ինչը շատ քիչ ժամանակ էր թողնում մասնավոր կյանքի համար։ Չնայած այն ժամանակ գոյություն չունեին խմբագրական կոլեգիաներ՝ ներկայիս պաշտոնական իմաստով, սակայն երեկոյան ժամը հինգին ամբողջ անձնակազմն ինքնաբերաբար հավաքվում էր օրվա լարվածությունից առժամանակ կտրվելու եւ այնպիսի մի վայրում սուրճ խմելու համար, որտեղ խմբագրական գործունեություն էր իրականացվում։
Դա մի տեսակ ազատ հավաքույթ էր, որտեղ յուրաքանչյուր բաժնի թեմաների շուրջ թեժ քննարկումներ էին ընթանում եւ որտեղ հաջորդ առավոտվա համարում լույս տեսնող հոդվածների վերջին ճշգրտումներն էին կատարվում։
Այն մարդիկ, ովքեր չէին սովորում այս 24-ժամյա թեժ բանավեճերի քոչվոր դպրոցներում կամ նրանք, ում ձանձրացնում էին այդտեղ ընթացող քննարկումները, նրանք էին, ովքեր հավատում էին կամ ուզում էին հավատալ, որ իրենք լրագրողներ են, սակայն իրականում այդպիսիք չէին։
Այն ժամանակ լրագրությունը բաժանվում էր երեք հիմնական դասերի՝ նորություններ, թեմատիկ հոդվածներ եւ խմբագրականներ։ Ամենամեծ նրբությունը պահանջող եւ ամենահեղինակավոր բաժինը խմբագրական բաժինն էր։ Ռեպորտյորի աշխատանքն ամենաքիչ արժևորվողն էր, քանի որ ենթադրվում էր, որ նա սկսնակ է, ում հանձնարարվել է սեւ աշխատանքը։
Ինչպես ժամանակը, այնպես էլ մասնագիտությունը ցույց են տվել, որ լրագրության ներվային համակարգն աշխատում է ժամացույցի սլաքին հակառակ, այսինքն՝ 19 տարեկանում ես իրավագիտության դպրոցի ամենավատ աշակերտն էի եւ իմ կարիերան սկսեցի որպես խմբագրության անձնակազմի անդամ։ Աստիճանաբար, ջանադրաբար աշխատելով, ես սկսեցի առաջ գնալ՝ աշխատելով տարբեր բաժիններում, մինչեւ որ դարձա սովորական հին լրագրող։
Այս մասնագիտությամբ աշխատելու համար լայն մշակութային հիմք էր անհրաժեշտ, որը տրամադրում էր անմիջապես աշխատանքային մթնոլորտը։ Ընթերցանությունն աշխատանքի համար անհրաժեշտ հավելյալ պայման էր։
Ինքնակրթվածները սովորաբար գիտելիքների ծարավ ունեցող եւ ընդունակ աշակերտներ են։ Սա հատկապես ճիշտ է իմ դարաշրջանի մարդկանց վերաբերյալ, քանի որ մենք ցանկանում էինք ճանապարհ հարթել աշխարհի լավագույն մասնագիտության (ինչպես մենք էինք այն անվանում) առաջընթացի համար։ Ալբերտո Լերաս Կամարգոն, որը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող եւ երկու անգամ եղել է Կոլումբիայի նախագահը, նույնիսկ միջնակարգ դպրոց չէր ավարտել։
Հետագայում լրագրության դպրոցների ստեղծումը գիտական շրջանների արձագանքն էր այն փաստին, որ այդ մասնագիտությունը կրթական հիմք չուներ։ Տվյալ պահին խոսքը վերաբերում է ոչ միայն տպագիր լրատվամիջոցներին, այլ նաեւ լրատվամիջոցների բոլոր ոլորտներին, որոնք ստեղծվել են կամ դեռ ստեղծվելու են։
Սակայն նոր զարգացումները այս մասնագիտությունը նույնիսկ հեռացրել են 15-րդ դարում՝ իր ծննդյան օրվանից ստացած համեստ անվան իմաստից։ Այն այլեւս չի կոչվում լրագրություն (ժուռնալիստիկա), այլ հաղորդակցման գիտություն կամ զանգվածային հաղորդակցություն։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, արդյունքները գոհացուցիչ չեն։
Կյանքի շեմին կանգնած ուսանողները, որոնք ինստիտուտներն ավարտում են անիրական մեծ սպասումներով, կարծես կորցրած լինեն իրականության եւ իրական աշխարհում կյանքի գլխավոր խնդիրների հետ կապը եւ սեփական առաջընթացին ավելի մեծ կարեւորություն են տալիս, քան իրենց մասնագիտությանը եւ բնական ունակություններին։ Սա հատկապես ճշմարիտ է երկու՝ ստեղծագործական ունակությունների եւ փորձի առումով։
Ուսանողների մեծամասնությունն այս մասնագիտություն մուտք է գործում ակնհայտ թերի պաշարով՝ նրանք լուրջ խնդիրներ ունեն կապված քերականության եւ ուղղագրության հետ եւ չեն կարողանում միանգամից ընկալել ընթերցված նյութը։ Նրանցից ոմանք հպարտանում են, թե կարող են ընթերցել նախարարի գրասեղանին գլխիվայր դրված գաղտնի փաստաթուղթը, որ կարող են ձայնագրել սովորական զրույցն առանց խոսակցին տեղյակ պահելու կամ ընդունակ են հրապարակել այն խոսակցության բովանդակությունը, որն իրենք նախապես համաձայնել էին գաղտնի պահել։
Ամենաշատ անհանգստություն պատճառում է այն, որ այս բարոյական խեղումները հիմնված են մեր մասնագիտության՝ գիտակցականորեն ընդունված եւ հպարտությամբ շեշտվող այն «ռիսկային» տեսակետի վրա, թե ցանկացած գնով որեւէ բան առաջինն իմանալն ամեն ինչից վեր է եւ կարեւոր։
Այն գաղափարը, որ լավագույն նորությունը միշտ չէ, որ առաջինը ստացվածն է, այլ շատ հաճախ այն, որը լավագույն կերպով է ներկայացված, նրանց համար ոչինչ չի նշանակում։ Այս անձանցից ոմանք, հասու դառնալով իրենց թերություններին, կարծում են, որ խաբվել են համալսարաններում եւ արտահայտություններ չեն խնայում իրենց ուսուցիչներին մեղադրելու, թե վերջիններս չեն պատվաստել ներկայումս իրենցից պահանջվող արժանիքները, մասնավորապես՝ հենց կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։
Ակնհայտ է, որ սա քննադատություն է, որը կարող է ուղղվել կրթությանն ընդհանրապես, որն աղավաղվել է այնպիսի դպրոցների բազմաքանակության պատճառով, որոնք շարունակում են կիրառել ուսուցում տրամադրելու փոխարեն տեղեկատվություն տրամադրելու խեղաթյուրված գործելաոճը։
Լրագրության մասնավոր դեպքում, սրա պատճառը կարծես թե առեւտրի միջոցների զարգացման արագությամբ այս մասնագիտության զարգացման անընդունակությունն է, ինչպես նաեւ այն փաստը, որ լրագրողները մոլորվում են մեծ արագությամբ առաջ սլացող տեխնոլոգիաների կողմից ստեղծված լաբիրինթոսներում։ Այլ կերպ ասած՝ ընկերությունների միջեւ կատաղի մրցակցություն գոյություն ունի ժամանակակից միջոցներ ձեռք բերելու խնդրում, սակայն նրանք հապաղում են, երբ գործը վերաբերում է իրենց անձնակազմը կրթելուն եւ այն մեխանիզմները կիրառելուն, որոնք նախկինում խթանում էին թիմային ոգին։
Խմբագրությունների նորությունների բաժինները դարձել են ստերիլ լաբորատորիաներ, որտեղ մարդիկ լարված աշխատում են միայնության մեջ, վայրեր, որտեղ թվում է թե ավելի հեշտ է հաղորդակցվել կիբերտարածության, քան թե ընթերցողների հոգին հուզելու միջոցով։ Ապամարդկայնացումը տարածվում է վտանգավոր արագությամբ։
Հեշտ չէ հասկանալ, թե ինչպես են տեխնոլոգիաներն, իրենց ամբողջ փառքով հանդերձ, եւ հաղորդակցությունը, որը տեղի է ունենում կայծակնային արագությամբ (բաներ, որոնց մասին մենք ժամանակին երազում էինք), կարողացել արագացնել եւ սաստկացնել աշխատանքի ավարտման ժամկետների հետ կապված տագնապը։
Սկսնակները բողոքում են, որ խմբագիրներն իրենց երեք ժամ են հատկացնում այնպիսի առաջադրանք կատարելու համար, որն իրականում հնարավոր չէ վեց ժամից պակաս ժամկետում ավարտել, որ նրանք խնդրում են երկու սյունակի չափով նյութ պատրաստել, իսկ հետո, վերջին պահին, իրենց տրամադրում են ընդամենը կես սյունակ, եւ որ աշխատանքի ավարտման ժամկետների քաոսային իրավիճակում ոչ մեկը ժամանակ կամ ցանկություն չունի իրենց բացատրություն տալու, առավել եւս սփոփանքի խոսք ասելու։
«Նրանք մեզ նույնիսկ չեն կշտամբում», – ասում էր մի սկսնակ լրագրող, որը ցանկանում էր իր վերադասներից պատասխան արձագանք ստանալ։ Տիրում է լռություն՝ խմբագիրը, որը ժամանակին կարեկից իմաստուն էր, այժմ հազիվ էներգիա ու ժամանակ ունի տեխնոլոգիաների կողմից պարտադրված ուժասպառ անող արագությանը դիմանալու։
Իմ կարծիքով, շտապողականությունը եւ ծավալի վերաբերյալ սահմանափակումներն են, որ նվազեցրել են ռեպորտաժի վարկը, որը մենք միշտ համարել ենք ամենահեղինակավոր ժանրը, սակայն նաեւ ավելի շատ ժամանակ, հետազոտություններ, մտածվածություն եւ գրելու առաջնակարգ ունակություն պահանջողը։
Ռեպորտաժն, իրականում, փաստերի մանրամասն եւ ճշգրիտ վերականգնումն է։ Այլ կերպ ասած, դա իր ամբողջականությամբ նորություն է, երբ տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են այնպես, որ ընթերցողը կարծի, թե ինքն անմիջապես ականատես է եղել այդ իրադարձություններին։
Մինչեւ հեռատիպերի եւ տելեքսների ներմուծումը, հեռահաղորդակցության ոլորտի ֆանատիկոսներից ինչ-որ մեկը ռադիոալիքների խառնաձայնության միջից արագորեն դուրս էր բերում համաշխարհային նորությունները, իսկ բազմագիտակ խմբագիրը այն ամբողջականացնում էր մանրամասներով եւ նախնական տեղեկատվությամբ. դա նման էր մեկ ողնոսկրի հիման վրա դինոզավրի ամբողջ կմախքը կառուցելուն։
Արգելվում էր միայն նորությունների մեկնաբանումը, քանի որ դա համարվում էր գլխավոր խմբագրի սուրբ իրավունքը, որի խմբագրական հոդվածները, ենթադրվում էր, որ ինքն անձամբ է գրում, չնայած գուցե այդպես չէր։ Ի հավելումն, ձեռագիրը համարյա միշտ հայտնի էր իր ոլորագծերով։ Հայտնի գլխավոր խմբագիրներն ունեին իրենց անձնական լինոտիպի օպերատորները, որոնց աշխատանքը նրանց ձեռագիրը վերծանելն էր։
Անցած 50 տարիների ընթացքում իրականացված մի կարեւոր բարելավումն այն է, որ նորությունները եւ ռեպորտաժներն այժմ ուղեկցվում են մեկնաբանություններով եւ կարծիքներով, իսկ նախնական տեղեկատվությունն օգտագործվում է խմբագրական հոդվածները հարստացնելու համար։
Սակայն կարծես թե սա լավագույն արդյունքների չի հանգեցնում, քանի որ այս մասնագիտությունը երբեք այսքան վտանգավոր չի թվացել, ինչքան այժմ։ Ճիշտ կամ սխալ հայտարարություններում չակերտների չափից ավելի շատ օգտագործումը հնարավորություն է ստեղծում պատահական կամ մտածված սխալների, կանխամտածված եւ թունալի աղավաղումների համար, որոնք նորություններին մահացու զենքի ուժ են հաղորդում։
Ամբողջապես վստահելի աղբյուրներից, հիմնականում քաջատեղյակ անձանցից, գաղտնիություն պահանջող բարձրաստիճան պաշտոնյաներից կամ ամեն ինչ իմացող, սակայն երբեք ոչ մեկի կողմից չնկատվող դիտորդներից մեջբերումները հնարավորություն են ընձեռում բոլոր տեսակի խախտումների համար անպատժելի մնալ։ Խախտումներ կատարողն իր շուրջն ամրոց է կառուցում՝ մեջբերելով աղբյուրը չբացահայտելու իր իրավունքը, առանց ինքն իրեն հարց տալու, թե արդյոք ինքն իր աղբյուրին թո՞ւյլ չի տալիս հեշտությամբ շահագործել իրեն՝ այնպիսի տեղեկատվություն փոխանցելով, որը «փաթեթավորված» է աղբյուրի համար ամենաբարենպաստ ձեւով։
Իմ կարծիքով, վատ լրագրողը հավատացած է, որ իր բարեկեցության առումով ինքը կախում ունի իր աղբյուրից, հատկապես երբ աղբյուրը պաշտոնական է, եւ այս պատճառով այն համարում է սրբություն սրբոց, համաձայնում է նրա հետ, պաշտպանում է նրան եւ, վերջիվերջո, վտանգավոր համագործակցության փոխհարաբերություններ է հաստատում նրա հետ, ինչը նույնիսկ հանգեցնում է այլ աղբյուրներին կասկածանքով վերաբերվելուն։
Հավանաբար սա կարող է բավականին անեկդոտային թվալ, սակայն ես կարծում եմ, որ այս գործընթացում գոյություն ունի մեկ այլ խոշոր մեղադրյալ՝ ձայնագրիչը։ Մինչեւ դրա ներմուծումը, այս մասնագիտությունը բավականին լավ գործում էր աշխատանքի իր երեք միջոցներով (որոնք իրականում եւ փաստորեն համակցվում էին մեկի մեջ)՝ ծոցատետր, անդրդվելի ազնվություն եւ մի զույգ ականջ, որ մենք, որպես լրագրողներ, դեռեւս կիրառում ենք լսելու համար այն, ինչ մեզ ասում են։
Ձայնագրիչի մասնագիտական եւ բարոյական կիրառումը դեռեւս գոյություն չուներ։ Մարդիկ պետք է իրենց երիտասարդ գործընկերներին սովորեցնեն, որ ժապավենը ոչ թե իրենց հիշողության փոխարինողն է, այլ ավելի շուտ այս մասնագիտության նախկին տարիների ընթացքում բավականին վստահելի ծառայություններ մատուցած սովորական ծոցատետրի կատարելագործված տարբերակը։
Ձայնագրիչը լսում է, բայց չի ընկալում, եւ, էլեկտրոնային թութակի նման կրկնում է, բայց չի մտածում։ Նրա վրա կարելի է հույս դնել, սակայն այն հոգի չունի եւ, վերջնական առումով, նրա բառացի փոխանցումն այնքան վստահելի չէ, ինչքան այն անձինը, որն ուշադրություն է դարձնում խոսողի կենդանի բառերին, կիրառում է իր մտավոր կարողությունները դրանք գնահատելու համար՝ իր բարոյական չափանիշների վրա հիմնվելով։
Չնայած ձայնագրիչը, ռադիոյի նման, հսկայական առավելություն է տրամադրում բառերի անմիջապես եւ ճշգրիտ փոխանցումն ապահովելու առումով, սակայն այն կիրառելու դեպքում հարցազրույց անցկացնողներից շատերը չեն լսում ներկայացվող պատասխանները, քանի որ մտածում են հաջորդ հարցի մասին։
Ձայնագրիչների պատճառով հարցազրույցներին չափազանց մեծ եւ թյուր նշանակություն է տրվում։ Ռադիոն եւ հեռուստատեսությունը, ելնելով իրենց բնույթից, դրանք վերածել են գերագույն ժանրի։ Տպագիր լրատվամիջոցները կարծես թե նույնպես կիսում են այն թյուր կարծիքը, թե ճշմարտությունը ոչ այնքան իրադարձության ականատես լրագրողի բառերում է, որքան հարցազրույց տվողի ներկայացրածի մեջ։
Թերթերի շատ աշխատակիցների համար սղագրելը լուրջ փորձություն է։ Նրանք շփոթում են բառերը, վրիպում իմաստաբանության, սայթաքում՝ ուղղագրության առումով եւ խճճվում շարահյուսության մեջ։ Այս խնդրի լուծումը հավանաբար ծոցատետրերին վերադառնալն է, որպեսզի լրագրողները կիրառեն իրենց մտավոր ունակությունները՝ լսելու ընթացքում խմբագրելու համար եւ ձայնագրիչին թողնեն, որ կատարի արժեզուրկ վկայի իր դերը։
Ամեն դեպքում, մխիթարական է, որ բազմաթիվ բարոյական եւ մի շարք այլ բացթողումներ, որոնք գցում են ժամանակակից լրագրության արժանապատվությունը եւ խայտառակում այն, միշտ չէ, որ բխում են բարոյականության պակասից, այլ նաեւ՝ մասնագիտական ունակությունների պակասության հետեւանք են։
Զանգվածային հաղորդակացության ուսումնական ծրագրերի թերությունը, հավանաբար, այն է, որ չնայած դրանք մասնագիտության համար կարեւոր շատ բաներ են սովորեցնում, սակայն շատ քիչ բան են սովորեցնում անմիջապես մասնագիտության մասին։ Անկասկած, հումանիտար ծրագրերը պետք է պահպանվեն, չնայած դրանք պետք է պակաս անորոշ եւ կարծր լինեն, որպեսզի ուսանողներին տրամադրեն այն մշակութային նախադրյալները, որոնք նրանք չեն ստանում միջնակարգ դպրոցում։
Այսինքն՝ կրթության ցանկացած տեսակ պետք է իր ուշադրությունը բեւեռի երեք հիմնական ոլորտներին՝ ընդունակություններին եւ հակումներին նախապատվություն տալուն, հստակորեն սահմանելուն, որ հետազոտությունը մասնագիտության առանձնահատկությունը չէ, այլ ավելի շուտ բոլոր լրագրողները պետք է, ըստ սահմանման, հակում ունենան դեպի հետազոտությունները, եւ այն գիտակցության կառուցմանը, որ բարոյական չափանիշները չեն կարող պատահականության արդյունք լինել, դրանք մեղվի բզզոցի պես պետք է յուրաքանչյուր լրագրողի մշտական ուղեկիցը լինեն։
Գերագույն նպատակը պետք է լինի կրթության հիմնական մակարդակին վերադառնալը՝ փոքր խմբերով կազմակերպված սեմինարների միջոցով, որոնք տրամադրում են պատմական փորձի քննադատական գնահատականը հասարակական ծառայության բուն միջավայրում։ Այլ կերպ ասած, երբ խոսքը ուսուցման մասին է, ապա պետք է վերակենդանացվի երեկոյան ժամը 5-ի հավաքույթների ոգին։
Ես պատկանում եմ Կարթագենա դե Ինդիասում գործող անկախ լրագրողների խմբին, որը ձգտում է դա անել ամբողջ Լատինական Ամերիկայում փորձնական, շրջիկ սեմինարների միջոցով եւ բավականին վերամբարձ հնչողություն ունեցող անվանում ունի՝ Լատինական Ամերիկայում լրագրության նոր մոտեցման հիմնադրամ (Fundacion para un Nuevo Periodismo Iberoamericano)։
Սա նախնական ծրագիր է այն լրագրողների համար, ովքեր դեռ նոր են սկսում իրենց կարիերան։ Նրանք աշխատում են մի առանձին ոլորտում (ռեպորտաժներ, խմբագրում, ռադիո եւ հեռուստատեսային հարցազրույցներ, գործունեության այլ ոլորտներ)՝ մասնագիտության վետերանի ղեկավարության ներքո։
Հիմնադրամի հայտարարությանն արձագանքելով՝ թեկնածուներին առաջարկում են այն լրատվական կազմակերպությունները, որտեղ նրանք աշխատում են, եւ այդ կազմակերպություններն էլ ծածկում են ճանապարհային, բնակարանային եւ գրանցման ծախսերը։
Մասնակիցները պետք է ունենան 30-ից ցածր տարիք, երեք տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ եւ ցուցադրեն մասնագիտացման ոլորտում իրենց ընդունակությունները եւ ունակությունների մակարդակը՝ ըստ սեփական ընտրության ներկայացնելով իրենց ամենալավ եւ ամենավատ աշխատանքները։
Յուրաքանչյուր սեմինարի տեւողությունը կախված է հյուրընկալվող դասախոսների ժամանակի հնարավորությունից, որոնք մեծ մասամբ մեկ շաբաթից ավել ժամանակ չեն կարողանում տրամադրել։ Սեմինարների ընթացքում դասախոսը չպետք է փորձի մասնակիցներին տեսական դոգմաներ եւ ուսումնական գիտելիքներ ներկայացնել, այլ՝ կլոր սեղանների շուրջ հզորացնել նրանց ունակությունները, օգտագործելով գործնական վարժություններ՝ նպատակ ունենալով նրանց հետ կիսել իր փորձը։
Նպատակը ոչ թե մարդկանց ուսուցանելն է, թե ինչպիսին պետք է լինի լրագրողը, այլ ավելի շուտ՝ գործնական վարժությունների միջոցով նրանց ունակությունները հղկելը։ Չեն լինում վերջնական քննություններ կամ գնահատականներ, չեն տրվում որեւէ տեսակի դիպլոմներ կամ սերտիֆիկատներ։ Գնահատման գործընթացն ինքնին տեղի կունենա նրանց ունակությունների գործնական կիրառման ժամանակ։
Առայժմ հեշտ չէ այս գործընթացին գնահատական տալ կրթական տեսանկյունից։ Սակայն, այսուհանդերձ, մեզ գոտեպնդում է սեմինարների մասնակիցների աճող խանդավառությունը, երեւույթ, որն արդեն լրատվամիջոցներում այդ անձանց այլախոհության եւ ստեղծարար ըմբոստացման բերրի հող է նախապատրաստում, մի մոտեցում, որը բավականին հաճախ աջակցություն է գտնում նրանց տնօրենների խորհուրդների կողմից։
Միայն այն փաստը, որ տարբեր երկրներից 20 լրագրողներ հանդիպել են, որպեսզի հինգ օր քննարկեն իրենց մասնագիտությունը, արդեն նրանց եւ լրագրության համար առաջընթաց է նշանակում։ Ի վերջո, մենք լրագրության ուսուցման նոր ձեւ չենք առաջարկում, այլ ձգտում ենք վերակենդանացնել հին ձեւերը։
Լավ կլիներ, որ լրատվամիջոցներն աջակցեին փրկության այս առաքելությանը կամ իրենց նորությունների բաժիններում, կամ էլ հատուկ այդ նպատակով ստեղծված սցենարների ստեղծմամբ, ինչպես դա արվում է թռիչքային տրենաժորների դեպքում, որոնք կարող են վերստեղծել թռիչքի ժամանակ հանդիպող բոլոր պատահարները, որպեսզի ուսանողները սովորեն խուսափել աղետներից մինչեւ նման պատահարներին իրական կյանքում հանդիպելը։
Լրագրությունն անզուսպ կիրք է, որը կարող է բորբոքվել եւ մեղմվել միայն իրականության հետ հստակ հակամարտությամբ։ Իր արյան մեջ սա չունեցող որեւէ մեկը չի կարող ընկալել դրա ձգողական ուժը, որը լիցքավորվում է կյանքի անկանխատեսելիությամբ։ Այս փորձը չունեցող ոչ մեկը չի կարող ընկալել նորություններից բորբոքվող արտասովոր հուզմունքը, թափված ջանքերի առաջին պտուղները վայելելու բացարձակ խանդավառությունը եւ անհաջողության պատճառով առաջացող բարոյական ամայացումը։
Նա, ով սրա համար չի ծնվել եւ պատրաստ չէ ապրելու սրա եւ միայն սրա համար, չի կարող կառչել այս մասնագիտությանը, որն այդքան անըմբռնելի եւ կլանող է. երբ աշխատանքն ավարտվում է նորությունների յուրաքանչյուր հրապարակումից հետո, երբ թվացյալ ավարտվածության զգացում կա՝ անմիջապես հաջորդ առավոտյան ամեն ինչ կրկին եւ ավելի մեծ լարվածությամբ սկսելու համար՝ առանց գեթ մի վայրկյան հանգստանալու։
Թարգմանությունը՝ Մանվել Բադալյանի