Կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է․ «Էլեկտրոնային համակարգի միջոցով կողմերը՝ վաճառողը և գնորդը, «ԵսԵմ» նույնականացման համակարգով կազմված և ստորագրված պայմանագիրը ստորագրեն իրենց համակարգիչներից, իրենց հեռախոսներից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, այնուհետև այդ պայմանագրերը ներկայացնեն իրավունքի պետական գրանցման անմիջապես ստորագրումից հետո: Այս աշխատանքներն իրականացնելուց հետո համակարգն ինքնաշխատ կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում: Այսինքն՝ սրանով մենք ներդնելու ենք նոր գործիքակազմ, որն աջակցելու է մեզ թեթևացնելու ռեգիստրների աշխատանքային ծավալը, ինչպես նաև արագացնելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը»:
«Այսօր ունենք 2-ժամյա գործընթաց, երբ պայմանագիրը կնքելուց հետո վեցապատիկ վճարի առկայության պարագայում 2 ժամվա ընթացքում ենք կատարում իրավունքի պետական գրանցումը: Այս փոփոխություններով այդ երկու ժամվա գործընթացը և վեցապատիկ վճարի խնդիրը կկարգավորվի այնպես, որ ինքնաշխատ համակարգով իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո անմիջապես կգեներացվի պայմանագիրը, մուտք կատարելուց հետո համակարգն անմիջապես կգեներացնի գնորդի սեփականության իրավունքի վկայականը»:
Կադաստրի կոմիտեի նախագահը նշեց, որ օրենքի փոփոխությունն իրականացվում է պիլոտային եղանակով։





























