Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կուտակային կենսաթոշակների մասին նախագծի ներկայացումը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում հաղթանակ չհամարեց:
«Խնդիրը հիմնավորապես պետք է լուծել: Ապօրինի պահումներ կատարողները պետք է պատասխան տան, գումարները պետք է վերադարձվեն, համակարգը պետք է հետ պտտվի: Ես սա հաղթանակ չեմ համարում», – նշեց նա:
Մանուկյանը նշեց, թե «քառյակի» մակարդակով պատրաստվում է մի նախագիծ, որտեղ պետք է ներառվի կուտակայինի հետ կապված բոլոր հարցերը:
«Այդ ամենի լուծումը նոր ես կարող եմ հաղթանակ համարել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։
Նաիրա Հովհաննիսյան