ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՆԱՄՈՒ ԱԶԳԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք իշխանություն են եկել միայն ու միայն սեփական բիզնեսին զարկ տալու եւ անձնական  կենսագրությունը հարստացնելու համար: Երեւանում ծնված եւ շատ երկար ժամանակ Սպիտակի հետ որեւէ առնչություն չունեցած, հայտնի Զոովետն ավարտած մարդու հայտնությունը քաղաքապետի թեկնածուի դերում 2008 թվականին շատերի զարմանքն առաջացրեց, շատերը շփոթված սկսեցին իրենց ուսերը թոթվել, բայց երբ տեղեկացան, որ թեկնածուն Հանրապետական կուսակցությունից է, իսկ նրա հովանավորն էլ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանն է, ամեն ինչ հասկացան:
Արկադի Համբարձումյանը` Դերժավայի Արկադը, Սպիտակում էական ազդեցություն ունի կայացվելիք որոշումների վրա: Նա է նպաստում Երեւանից ստանալիք «դաբրոներին», որոնց շնորհիվ են մարդիկ նշանակվում եւ «ազատվում», սատարում նրանց, ապա նաեւ կործանում… Նա ժամանակին սատարում էր նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանին, նրա միջոցով լուծում այստեղ իր բիզնեսի բարգավաճման հարցերը, պարտակում նրա դեմ ուղղված բողոքները, իսկ երբ Վանիկ Ասատրյանը սկսեց նրան արդեն չբավարարել, անցավ Գագիկ Սահակյանի կողմը: Վերջինս «դատարկ թիկունքով» չէր գալիս այստեղ. նա Ռոբերտ Քոչարյանի խնամու` Վոլոդյա Բադակյանի ազգականն է, եղբայրն աշխատում է Լոռու մարզպետարանում որպես գյուղվարչության պետ, բարեկամական կապեր ունի դատախազների հետ… 2154 մարդ ձայն տվեց անծանոթ թեկնածուին, միայն այսքան մարդ իր աջակցությունը հայտնեց նոր քաղաքապետին, ու հենց այդքան մարդու քաղաքապետ էլ դարձավ Գագիկ Սահակյանը, որովհետեւ մտնելով քաղաքապետարան` սկսեց կադրային ջարդը, աշխատանքից ազատեց Վանիկ Ասատրյանի մարդկանց, պաշտոններ տվեց իր մտերիմներին ու ծանոթներին, որոնցից շատերը տարրական պատկերացում անգամ չունեին տեղական ինքնակառավարման մասին: Բայց դա քաղաքապետին չէր հետաքրքրում, որովհետեւ նրան անհրաժեշտ էր Սպիտակն առնել իր տիրապետության տակ:
Քաղաքապետի ուշադրության կենտրոնում հայտնվեցին առաջին հերթին ժամանակավոր կացարանները` տնակները: Դրանք բավական տարածություն են գրավում քաղաքում, «խանգարում» գործարարներին: Քաղաքապետը նկատեց այն մարդկանց տնակները, որոնք բնակարան չէին ստացել` անհասկանալի պատճառներով, եւ պահանջեց քանդել այդ կացարանները: Սակայն հետո փոխզիջումային տարբերակ առաջարկեց. վճարի՛ր 1 միլիոն դրամ ու շարունակի՛ր ապրել: Դե, գործարարի համար 1 միլիոն դրամը շատ մեծ գումար չէ, բայց աշխատանք չունեցող, քսաներկու տարի տնակներում ապրող մարդկանց համար դա մեծ կարողություն է: Ջարդարարությունը դարձնելով իր աշխատանքային մեթոդը` քաղաքապետն ահաբեկեց տնակներում ապրողներին, ոմանց հեռացրեց քաղաքի այն տարածքներից, որոնք դուր էին եկել իրեն եւ այլ գործարարների: Հետո էլ սկսեց վարձակալության տալ քաղաքի մշակույթի կենտրոնը, որի գրեթե բոլոր հատվածներն արդեն պատկանում են տարբեր գործարարների, մնացել է միայն դահլիճը, որը բացվում ու փակվում է դարձյալ քաղաքապետի գիտությամբ:
Մի խոսքով, Գագիկ Սահակյանը գրեթե «զոն նայողի» նման մի բան է, բայց ոչ երբեք քաղաքապետ, քանի որ այստեղ իշխում է բացահայտ տնավարությունը: Եւ այդ մթնոլորտը հաստատել է նաեւ ողջ քաղաքում, որտեղ հիմա տարածքներ են ստանում միայն քաղաքապետի մտերիմներն ու նրա գործընկերները, մեկ էլ նրանք, ում երաշխավորում է Արկադի Համբարձումյանը: Երեք տարվա ընթացքում, ինչպես սպիտակցիներն են վկայում, Գագիկ Սահակյանը մեծ տարածքներ է ձեռք բերել Սպիտակում` խոչընդոտելով այլ գործարարների, ամեն ինչ արել է սեփական բիզնեսին զարկ տալու համար: Նա խոչընդոտել է նաեւ սպիտակցիների համար սիրելի ավանդական ռեստորանային համալիրի գործունեությանը, որովհետեւ այս մեկն իրեն չի պատկանում, մինչդեռ լավագույն տնտեսվարն ամեն ինչ կաներ, որ այդ համալիրը բարգավաճեր, դեպի իրեն ձգեր զբոսաշրջիկներին: Սակայն նրան զբոսաշրջիկներ, քաղաքի զարգացում պետք չէ:
Գագիկ Սահակյանի կենսագրությունը հարուստ չէ, նա պաշտոններ չի զբաղեցրել, եղել է մի շարք կոոպերատիվների աշխատակից, բանակից զորացրվելուց հետո մոտ հինգ տարի անհայտ զբաղմունք է ունեցել, իսկ ամենաբարձրը եղել է նրա` «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետի պաշտոնը: Եւ հենց այս մարդն է այսօր ղեկավարում աղետի հիպոկենտրոն հանդիսացող քաղաքը:
Սպիտակում շատ են խոսում նաեւ քաղաքապետի սկանդալային վարքագծի մասին, առ այն, որ երբեմն վիրավորում է քաղաքացիներին, կոպտորեն մերժում նրանց խնդրանքները, ավագանու նիստերը վերածում բացահայտ «ռազբորկաների»… Զարմանալ, իհարկե, պետք չէ, որովհետեւ նա իր կուսակցության հարազատ զավակն է եւ նրա «դասերի» կրողը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս