ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Արմեն Ռաֆիկի Դանիելյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը՝ ՀՀ ՍԱՏՄ պահեստապետ Արթուր Սուրենի Միքաելյանի օժանդակությամբ հափշտակել է փաստացի տնօրինման իրավունքով եւ իրավաբանորեն ազատ կամքով իրեն վստահված, պետությանը պատկանող, ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները։ Բացի դրանից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահեստապետ Արթուր Սուրենի Միքաելյանի եւ ՀՀ ՍԱՏՄ հինգ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է ՀՀ պետական միջոցների հաշվին՝ նշված աշխատակիցների անվամբ սահմանված չափից անհամեմատ ավելի չափով անհիմն ելքագրված պարգեւավճարները։
Այսպես՝ Արմեն Ռաֆիկի Դանիելյանը, ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1012-Ա որոշմամբ նշանակվելով եւ մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ը ներառյալ զբաղեցնելով ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով պետական մարմնի առջեւ դրված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար, ունենալով օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի համապատասխան աշխատողներ նշանակելու եւ ազատելու, նրանց նկատմամբ խրախուսման միջոցներ եւ կարգապահական տույժեր կիրառելու, ներքին կարգապահական կանոնները հաստատելու իրավասություն, պարտավոր լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները կատարել ճշգրիտ եւ ժամանակին, հանրային իշխանության հեղինակությունը պահպանելու հարցում լինել հետեւողական, բացահայտել եւ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերացնել իր կամ իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց կամ հանրային ծառայողների կողմից թույլ տրված սխալները եւ բացթողումները, այլ կերպ ասած՝ հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարել է իրեն վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը եւ օգտագործմանը փաստացի եւ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակություն։
Արթուր Միքաելյանը մեղադրվում է այն բանի համար, որ, ունենալով նյութական շահագրգռվածություն, տվել է իր համաձայնությունը Արմեն Դանիելյանին օժանդակելու վերաբերյալ՝ նշված գործողությունների կատարմամբ հանցագործությանը միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտները վերացնելով։ Այնուհետեւ, հանցակիցների միջեւ կատարված նախնական դերաբաշխումից հետո, հանցավոր նպատակի իրականացման ուղղակի դիտավորությամբ՝ Արթուր Սուրենի Միքաելյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ 1468-Ա հրամանի թիվ 1 հավելվածով հաստատված «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ծառայողական ավտոմեքենաների եւ դրանց հատկացվող վառելիքի տրամադրման կարգի» 7-րդ, 9-րդ եւ 11-րդ կետերի համաձայն, օժտված լինելով ծառայողական ավտոմեքենաների շահագործման համար վառելիքի հատկացումն ըստ մեքենայի կատարած վազքի իրականացնելու լիազորությամբ, ինչպես նաեւ պարտավոր լինելով ծառայողական ավտոմեքենաների նախորդ ամսին տրամադրված վառելիքի մնացորդը, ավտոմեքենայի վազքի ցուցիչի ցուցմունքը եւ տվյալ ամսվա համար հատկացվող վառելիքի հաշվառումն իրականացնել վառելիքի տրամադրման թերթիկի համաձայն, որի հիման վրա պետք է կազմեր նախորդ ամսվա վառելիքի ծախսի վերաբերյալ սահմանված ձեւաչափով տեղեկանք, 2024 թվականի դեկտեմբերից մինչեւ 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Արմեն Դանիելյանի աշխատասենյակում վերջինից ստացել է ընդհանուր 15.300 (տասնհինգ հազար երեք հարյուր) լիտր բենզինի եւ 1.000 (հազար) լիտր դիզելային վառելիքի կտրոններ։
Այնուհետեւ, ստացված կտրոնները վաճառելով քննությամբ դեռեւս չպարզված անձանց, վաճառված կտրոնների մի մասը ՀՀ ՍԱՏՄ հաշվեկշռից դուրսգրման գործընթացին օրինական տեսք տալու նպատակով, նշված կտրոնները տրանսպորտային միջոցների շահագործման համար տրամադրված լինելու հիմքերը կեղծելու եղանակով, Արթուր Միքաելյանը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, 2025 թվականի հունվարի 31-ին եւ փետրվարի 28-ին, մեկ միասնական դիտավորությամբ կազմել է վկայակոչված հրամանի հիման վրա պաշտոնական շրջանառության մեջ գտնվող վառելիքի տրամադրման թերթիկներ, որոնցում թվային կեղծ տեղեկություններ է գրառել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, 746 SS 60 հաշվառման համարանիշի եւ «ՎԱԶ-21214-126-20» մակնիշի, 658 SS 60 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցների շահագործման համար նշված ժամանակահատվածում տրամադրված վառելիքի կտրոնների քանակի վերաբերյալ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































