Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ տարածաշրջանային երկրների միջեւ պառակտումները հնարավորություն են ստեղծում արտաքին ուժերի համար միջամտելու տարածաշրջանային հարցերին, ուստի Թեհրանի վերջին դիվանագիտական նախաձեռնությունները միտված են կայունության եւ համագործակցության ամրապնդմանը։ Նա ընդգծել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցերը Հայաստան եւ Բելառուս մաս են կազմում թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարությունների վարած «բարի հարեւանության» հետեւողական քաղաքականությանը։
Բաղային հատուկ շեշտել է, որ թեեւ Հայաստանն Իրանի հետ ունի ամենակարճ սահմանը, այն մշտապես եղել է անվտանգ ու կայուն, ինչը ռազմավարական նշանակություն ունի Թեհրանի համար։ Երեւանի բանակցությունների ընթացքում ստորագրվել է առնվազն 10 համագործակցության համաձայնագիր հետեւյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առեւտուր, մշակույթ, կրթություն, տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, տրանսպորտ եւ էներգետիկա:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի վերջին զարգացումներին։ Բաղայիի խոսքով՝ Թեհրանը հետեւողականորեն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ կողմ է արագ համաձայնության հասնելուն՝ երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։
Անդրադառնալով Փեզեշքիանի երկրորդ կանգառին՝ Բելառուսին, Բաղային նշել է, որ Իրանի եւ Բելառուսի հարաբերությունները նախկին խորհրդային հանրապետության անկախացումից ի վեր պահպանել են կայուն եւ ընդլայնվող դինամիկա։ Կա արդյունավետ համագործակցություն տեխնոլոգիաների, տնտեսության եւ գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաեւ համընկնող դիրքորոշումներ միջազգային իրավունքի խախտումների դեմ։ Երկու երկրները կառուցողական համագործակցում են Չմիավորված երկրների շարժման շրջանակում, իսկ ընթացիկ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք նշանակալի նոր համաձայնագրեր։
Բաղային զգուշացրել է, որ տարածաշրջանային տարաձայնությունները, ինչպես ցույց են տալիս Սիրիայի եւ այլ ճգնաժամերի օրինակները, բացում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Նրա խոսքով՝ Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը վկայում է արդյունավետ մերձեցման մոդելի մասին, որը միտված է սահմանային անվտանգության ապահովմանը եւ տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Խոսնակը հավելել է, որ կառավարության վերջին դիվանագիտական քայլերը առնչվում են ազգային շահերի պաշտպանությանն ու Իրանի ակտիվ դերի ապահովմանը տարածաշրջանում:
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ



















































































