Աֆրիկայի հանրահայտ Moriox Kids խմբի երեխաների երազանքը վերջապես կատարվեց։ Նրանք իրենց ամբողջ պարային խմբով արդեն Հայաստանում են, եւ, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, սեպտեմբերի 14-ին նրանք հանդես են գալու համերգային շոու ծրագրով։
Խմբի հայտարարության համաձայն՝ սպասվում է մեծ անակնկալներով, անմոռանալի էներգիայով, տպավորություններով եւ փայլուն շոու ծրագրով երեկո։
Համերգի մեկնարկը նախատեսված է ժամը 19։00-ին։ Այն տեղի կունենա Երեւանի «Հարսնաքար» կոմպլեքսում։ Տոմսերի արժեքը նախատեսված է 7 հազար դրամ։
Դեռ նախորդ տարի Հայաստանում սոցիալական ցանցերի միջոցով հայտնի դարձան Moriox Kids խմբի երեխաները, որից հետո նրանց երազանքներից մեկն էր Հայաստան հյուրընկալվելը։
Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Moriox Kids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբը գրավել էր տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը։ Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում եւ երգում կրկներգերը, ինչպես նաեւ գումարի դիմաց ծննդյան շնորհավորանքներ էին հղում տեսահոլովակի տեսքով։ Տեսանյութերը վիրուսային տարածում էին ստացել Հայաստանում։
Եվ ահա, Ռուանդայից Հայաստան եկած երեխաները աշնանը սպասված համերգով հանդես կգան։
Մանրամասները՝ ArmLur.am կայքում
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































