Բարերար Սամվել Կարապետյանի դեմ դուրս եկած կոռուպցիոն սկանդալներով հայտնի Արսեն Թորոսյանը 75 մլն դրամ արողությամբ անհատական բնակելի տուն է գնել Ծաղկաձոր համայնքում։
Սրան զուգահեռ շաբաթներ առաջ դատարանն արգելանքի տակ է դրել իշխանական պատգամավորի գույքը 9 միլիոն դրամի չափով՝ հենց այնքան, որքան իշխանական գործչից պահանջում է միլիարդատեր Սամվել Կարապետյանն իրեն զրպարտելու համար:
Կալանավորված գործարարը դատի է տվել իշխանականին, դատարանն էլ բավարարել է հայցվորի այս միջնորդությունը։
Ստացվում է, որ բացի COVID-ի գործից, Թորոսյանի մասնակցությամբ դատական գործերն ավելանում են։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և լքելու է խորհրդարանն ու իր ղեկավարած հանձնաժողովը։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքով է Արսեն Թորոսյանը հեռանում Ազգային ժողովից։
Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող և Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող, անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), և մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։
Նկատեցինք, որ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավորի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝ պատգամավորը 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։
Բացի այս տներից, 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։
Բայց սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրոմոբիլ։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։
Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին՝ տարեսկզբի համեմատ, ավելացել է 2 մլն դրամով՝ դառնալով 3 մլն դրամ։
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 470 հազար դրամ, որը նոր կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։
Մինչ պատգամավոր դառնալը Թորոսյանն ուներ 1 անհատական բնակելի տուն, 2 տրանսպորտային միջոց։ 2018 թվականի պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1 մլն 700 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 418 հազար դրամ։
Էմմա Միքայելյան






























