Բնակիչներին պետք է մատուցվի որակյալ ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հետ հանդիպման ընթացքում:

Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող բարելավման աշխատանքները:

«Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք զգալիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն այսօր դեռևս առկա են գրաֆիկի հետ կապված խնդիրներ և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և որ ամենակարևորն է՝ երևանցիները գոհ մնան մատուցվող ծառայություններից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ,  ուսումնասիրել  առաջադրվող բոլոր խնդիրներն ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

«Բնակիչների հետ հանդիպումների շրջանակում հաճախ եմ առիթ ունենում անձամբ տեղեկանալու բոլոր այն խնդիրներին, որոնք բարձրացվում են նրանց կողմից: Եվ պետք է ասեմ, որ քիչ չեն նաև ջրամատակարարման հետ կապված հարցերը: Գուցե դրանք նաև մասնակի լուծում ենթադրող են, բայցևայնպես անհրաժեշտ է դրանց նկատմամբ ևս լինել առավել ուշադիր: Ըստ այդմ, վստահ եմ, որ ստեղծված աշխատանքային խումբը առավել համակողմանի կծանոթանա ու կվերլուծի բնակիչների կողմից բարձրացվող հարցերն ու կառաջարկի արդյունավետ լուծումներ»,- ասել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ «Երևան Ջուր» ընկերությունը ևս պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Բացի այդ, մենք պատրաստակամ ենք նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, որպեսզի բնակիչները գոհ մնան մատուցվող ծառայությունների որակից: Պետք է նաև նշեմ պարոն քաղաքապետ, որ ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում ավելացնելու ներդրումների ծավալները, որպեսզի  շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման ուղղությամբ  էլ ավելի ծավալուն աշխատանքներ տարվեն»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ «Երևան Ջուր» ընկերությունն իսկապես վստահելի գործընկեր է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս