ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԵՐԲԵՎԷ ԿԳՈՐԾԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյումրու տեխնոպարկի կառուցման աշխատանքները շարունակվում են»,-ասում է  տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը` հավաստիացնելով, որ թեեւ գյումրեցիները, եւ ոչ միայն նրանք, այնքան էլ ծանոթ չեն ծրագրին, միեւնույն է, տեխնոքաղաքը կառուցվում է, իսկ նախագծերը ոչ թե ֆանտազիայի ժանրից են, այլ շատ իրատեսական:
Լրագրողների հետ օրերս կայացած հերթական հադիպման նպատակը հայտարարված բիզնես գաղափարների մրցույթում հաղթողներին ներկայացնելն էր: Մեկ տարի առաջ հիմնադրամը մշակեց ծրագիր, որը պետք է հնարավորություն ստեղծեր բիզնես ոլորտի զարգացման համար: Հայտարարված մրցույթում հաղթած երեք մասնակիցների հետ  կնքվել է պայմանագիր`  հետագա համագործակցության նպատակով: Յուրաքանչյուր բիզնես գաղափար ֆինանսավորվելու է 14 միլիոն դրամով: Հավակնորդների պասիվությունը, ըստ Գուրգեն Պարոնյանի, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում բիզնես ծավալելու ուղղությամբ մարդկանց պատկերացումները նեղ են: Չի հերքվում նաեւ այն փաստը, որ տեխնոպարկը վստահություն չի վայելում: «Չգիտեմ՝ մենք երբ կկարողանանք էդ շեմը հաղթահարել, որ մեր հանդեպ վստահություն ձեւավորվի»,-նշեց Գուրգեն Պարոնյանը:
 Բիզնես գաղափարների մրցույթում հաղթող ճանաչվածներից մեկն իրանահայ է, ով մի քանի տարի առաջ է տեղափոխվել Երեւան, մյուսը` ԱՄՆ-ից: Երրորդ հաղթողը գյումրեցի Հովհաննես Մանուկյանն է, ով աշխատում է ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: «Գաղափարը վերաբերում է ոսկերչական իրերի նախատիպերի դիզայնին եւ արտադրությանը: Այսինքն` պետք է ստեղծվի ընկերություն, որը կզբաղվի այդ գործով»,-ասում է գյումրեցի Հովհաննեսը: Մյուս հաղթողը` Արթին Մելիքյանը, առաջարկում է հիբրիդային ջեռուցման համակարգերի արտադրամաս ստեղծել: Երրորդ նախագծի հեղինակ Խաչիկ Դեմիրճյանն էլ  նախատեսում է 3D մոդելավորման ուսուցման կենտրոնի ուսանողների հետ աշխատանքներ տանել, որպեսզի հնարավորություն ստեղծվի տալ այնպիսի արտադրանք, որը կհամապատասխանի   արտերկրի խիստ  պահանջներին:
Հաղթողներն առավել քան համոզված են, որ իրենց նախադեպային ծրագրերը Գյումրիում նոր աշխատատեղերի բացման հնարավորություն կստեղծեն: Միայն թե շեշտում են, որ  հատկացված գումարը` 14 միլիոն դրամը, արտադրություն զարգացնելու համար բավական չի լինի:  Նկատենք, որ մինչեւ այժմ  տեխնոպարկին հատկացված միլիոններով ինչ-ինչ տարօրինակ բնույթի փորձարկումներ են արվել, եւ մշտապես հայտարարվել է, որ ռեալ արդյունքներ ունենալու համար դեռ շատ ներդրումներ են  պետք:

 ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս