ԼՂ դպրոցները կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. թ. ապրիլի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Հուշագիրը կապահովի անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դպրոցներում հասանելի դարձնելու համար: Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաեւ տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին:

Այն ապահովում է նաև ուսուցիչների և ծնողների անմիջական կապը, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում: Կրթական հարթակի գլխավոր առաքելությունն է նպաստել կրթության որակի բարձրացմանը:

Այդ նպատակով կիրառվում են կրթելու նորարարական մեթոդներ՝ էլեկտրոնային ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք ինտերակտիվ մեթոդով երեխաներին օգնում են սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ծանոթացնում են նրանց հայկական մշակույթին, սովորեցնում են պահպանել բնությունը և շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները և այլն: Միմյանց միջև մրցակցությունը խթանելու միջոցով սովորելը ապահովում է առավել արդյունավետ և հիմնավոր կրթություն:

Բացի այդ կազմակերպվում են տարաբնույթ օլիմպիադաներ և մրցույթներ, որոնք նույնպես խթանում են երեխաների՝ գիտելիք ստանալու ձգտումը: Գործում է նաև հատուկ աշակերտների համար ստեղծված սոցիալական ցանց, որն օգնում է դպրոցականների միջև կապերի ակտիվացմանը՝ անկախ նրանց բնակության վայրից և զերծ է դպրոցականների համար վնասակար տեղեկատվությունից: Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտեգրումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը: Ծրագրի ներդրման շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմը կիրականացնի նաև դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը:

Այն միտված է օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում՝ վայելելով ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ Վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքներով:

Մամուլի հաղորդագրություն 




Լրահոս