Դատախազի տեղակալ Թոդդ Բլանշը Ջեֆրի Էփշթեյնի գործընկեր Գիսլեյն Մաքսվելին հարցեր է տվել՝ պարզելու համար, թե ինչ կապեր է ունեցել Էփշթեյնը տարբեր հայտնի մարդկանց՝ քաղաքական գործիչների, դերասանների և հարուստ գործարարների հետ։ Այս մասին են վկայում ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակված նրա ցուցմունքների գաղտնազերծումները։
Ինչպես հաղորդում է NBC News-ը, Մաքսվելը հայտարարել է, որ երբեք որևէ ոչ պատշաճ վարքի ականատես չի եղել տղամարդկանց կողմից, ներառյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որի անունը նույնպես նշված է եղել գաղտնազերծված փաստաթղթերում։ Ընդ որում իշխանությունները նրան երբեք չեն մեղադրել իրավախախտումների համար։
«Ես երբեք նախագահին չեմ տեսել որևէ անպատշաճ համատեքստում», – ասել է Մաքսվելը Թրամփի մասին՝ հավելելով, որ նա «երբեք ոչ մեկի հետ անպատշաճ ձևով չի վարվել»։
Մաքսվելը նաև ասել է, որ «երբեք որևէ անպատշաճ բան չի տեսել» առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի կողմից երիտասարդ կանանց նկատմամբ՝ հավելելով, որ Քենեդին Էփշտեյնի հետ ծանոթացել է համատեղ ճանապարհորդությունից հետո։
Մաքսվելի 2021 թվականի դատավարության ժամանակ ներկայացված թռիչքի գրանցամատյանները ցույց են տվել, որ Քենեդին Էփշթեյնի ինքնաթիռի ուղևորների թվում է եղել, ինչպես նաև Թրամփը և նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Մաքսվելը պնդել է, որ Քլինթոնը երբեք չի այցելել ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներում գտնվող Էփշթեյնի մասնավոր կղզին և որ նա անձնական տեղեկություններ չունի Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի և Էփշթեյնի փոխհարաբերությունների մասին։ Սակայն նա ենթադրել է, որ նրանք ծանոթ են եղել և նամակագրական կապ են ունեցել էլեկտրոնային փոստով։ Այս եզրակացությունը նա արել է ոչ թե իր անձնական հիշողության, այլ քննության ընթացքում ի հայտ եկած նյութերի հիման վրա։
Նա նաև հերքել է, որ Էփշթեյնն ունի «հաճախորդների ցանկ» և ասել է, որ ոչինչ չգիտի «շանտաժի» մասին։
Անցյալ ամիս հրապարակված երկու էջանոց հուշագրում Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Էփշթեյնի գործին վերաբերող տվյալների «համակարգված վերանայում» է անցկացրել և մեղադրական «հաճախորդների ցանկի» վերաբերյալ որևէ ապացույց չի գտել։
Մաքսվելն այժմ կրում է 20 տարվա ազատազրկում՝ 2021 թվականին սեռական շահագործման համար դատապարտվելուց հետո։
Ներկայումս Մաքսվելը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ 2021 թվականին նրան մեղավոր են ճանաչել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ։
Մաքսվելի փաստաբան Դեյվիդ Մարկուսն ասել է, որ իր պաշտպանյալը «անմեղ է և երբեք չպետք է դատապարտվեր, այն էլ՝ նմանատիպ գործով»։
Էփշթեյնի զոհերի փաստաբան Բրիտանի Հենդերսոնը մեղադրել է Մաքսվելին Թրամփից ներում խնդրելու մեջ՝ ասելով, որ Մաքսվելը «ակնհայտորեն հույս ունի, որ ինքը ներում կստանա նախագահ Թրամփից»։
Էփշթեյնի բանտում մահանալու մասին հարցին Մաքսվելը պատասխանել է, որ չի հավատում կառավարության ինքնասպանության պաշտոնական վարկածին, բայց նաև չի կարծում, որ նրան սպանել են ազդեցիկ ընկերների գաղտնիքները թաքցնելու համար։
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) վերջերս հաստատել է իր նախորդ եզրակացությունները՝ նախ դա արվել է Էփշթեյնի մահից հետո՝ Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի և Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ դատախազի գրասենյակի զեկույցի միջոցով, իսկ հետո՝ 2023 թվականին՝ Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակի կողմից անցկացված հետաքննության միջոցով։























