Իռլանդիայում տղամարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ գարդայի աշխատակիցները (ազգային ոստիկանության ծառայողներ) Ուեքսֆորդ կոմսության տարածքներից մեկում հայտնաբերել են 1,9 միլիոն եվրո արժողությամբ կոկաին և կանեփ, հայտնում է PA Media-ն։
Խուզարկությունն իրականացվել է «Տարա» գործողության շրջանակում, որի արդյունքում գարդայի աշխատակիցները ուրբաթ օրը Նյու Ռոսում թմրամիջոցներ են առգրավել։
Տարածքի խուզարկությունն իրականացրել են Ուեքսֆորդ կոմսության հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 89 կգ կանեփ՝ 1,76 միլիոն եվրո գնահատված արժեքով, և 2 կգ կոկաին՝ 140 000 եվրո գնահատված արժեքով։
Առգրավված թմրամիջոցները կուղարկվեն հետագա փորձաքննության։
Այս հայտնաբերման կապակցությամբ ձերբակալվել է մոտ 40 տարեկան տղամարդ։
Ներկայումս նա կալանքի տակ է Ուեքսֆորդ կոմսության գարդայի բաժանմունքում՝ համաձայն 1996 թվականի «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության մասին» օրենքի 2-րդ բաժնի։




















































































