ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը քննող նոր դատավորի անունը հայտնի է։
Այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նախկին դատախազ Արամ Գրիգորյանին։ Նկատենք, որ Արամ Գրիգորյանը քննում է նաև Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը։
Ինչպես հայտնի է, դատավոր Վահե Դոլմազյանն հրաժարվել էր քննել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործը՝ ինքնաբացարկ հայտնելով։ Պատճառաբանել էր, որ երբ դատախազությունում է եղել, այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել։
«Արդարադատություն ըստ էության չի կարող իրականացնել։ Եթե նույնիսկ խնդիրը դատարանը չտեսնի, ապա անաչառ կողմի մոտ, երրորդ անձի մոտ կարող է կասկած առաջանալ, որ դատավորը, որը նախաքննության ընթացքում քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական ղեկավարում է իրականացրել կամ օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել, կարող է որպես դատավոր լինել անաչառ», – հայտարարել էր Դոլմազյանը։
Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ էր կանգնում քրեական դատարանի առաջ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով։ Այս գործը հարուցվել է դեռ 2018 թվականին և դատարան մտավ միայն 7 տարի անց։
Փաստացի Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի։
Քնար Մանուկյան





























