Բաղանիսցի Անդրանիկ Սահակյանը հետաքրքիր կենսագրություն ունի: Նրա մայրն ադրբեջանուհի է, հայրը` Դերենիկը, հաշմանդամ է դարձել Մեծ հայրենականում: 1992թ. Դերենիկն ադրբեջանական հրետակոծությունից զոհվեց իր տան առաջ: Անդրանիկը, ով ակտիվ մասնակցել է հայրենի Բաղանիսի պաշտպանությանը, ժամկետային ծառայության ժամանակ կամավոր մեկնեց Հորադիզ: Մարտերից մեկի ժամանակ նռնականետի արկը պոկեց նրա ոտքը: Հաշմանդամ ազատամարտիկն այժմ համագյուղացիների կոշիկներն է նորոգում, դրանով մի կերպ պահում հաշմանդամ մորը, հաշմանդամ կնոջը եւ երեք անչափահաս տղաներին: Նրա փոքր տան տանիքը ծակ է, անձրեւաջրերը ներս են լցվում, ինչի պատճառով սենյակներից մեկը շարքից դուրս է եկել: Սակայն Անդրանիկը, հպարտ լինելով, այդ հարցում երբեք ոչ մեկից աջակցություն չի խնդրել: Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, Նոյեմբերյանի զորամասի շտաբի պետ Վահե Հովսեփյանը, զորամասի հրամանատարի տեղակալ Սարգիս Թեւանյանը, Նոյեմբերյանի զինկոմ Կամո Հարությունյանը, ԵԿՄ Նոյեմբերյանի մասնաճյուղի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը եւ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն այցելեցին մարտադաշտում վիրավորված, հաշմանդամ ազատամարտիկի տուն: Վահե Հովսեփյանն Անդրանիկին սուր տվեց, Նոյեմբերյանի քաղաքապետը` այլ նվերներ: Որոշվեց, որ Նոյեմբերյանի զորամասի ներկայացուցիչը կգա Բաղանիս` Անդրանիկ Սահակյանի տան տանիքի նորոգման համար նախահաշիվ կազմելու եւ այն պաշտպանության նախարարություն ներկայացնելու համար: Մենք հետեւելու ենք, որ այս խնդիրը գտնի իր լուծումը:
Տավուշ