Այսօր Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ահազանգել է զինվոր Պարույր Կարապետյանի հայրը` Արթուր Կարապետյանը, ըստ որի որդին այս պահին ծանր վիճակում է գտնվում: Ըստ հոր պատմածի որդին մեկ ու կես ամիս է ինչ զորակոչվել է բանակ ծնոտի լուրջ խնդրով ու այսօր անգամ չի կարողանում սնվել:
Մեր զրուցալիցը նշել էր, որ որդին դեռ երեք տարի առաջ նույն խնդրով ազատվել էր բանակում զինվորական ծառայությունից, բայց մեկ ամիս առաջ նրան զորացրել են բանակ: Հայրը խնդրում է օգնել, քանի որ օր օրի որդու վիճակը բանակում վատանում է:
Armlur.am-ին ՊՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, թե «Զինծառայողը ծառայության է անցել համապատասխան հոդվածով ցուցված սահմանափակումով զինվորական ծառայության համար, ըստ կարգի զորամասում անցել է բժշկական զննում, որի արդյունքում տրվել են համապատասխան ցուցումներ սահմանափակումները պահպանելու և իր մոտ առկա խնդիրներով պայմանավորված՝ օրվա կարգացուցակը (նախաճաշ, ճաշ, ընթրիքը) կազմակերպելու համար։ Ծառայության օրվանից ի վեր զինծառայողը մեկ անգամ է իր ծնողի դիմումի համաձայն հետազոտվել հոսպիտալում, որտեղ՝ հոսպիտալացման կամ բուժման անհրաժեշտություն չի արձանագրվել:
Հետազոտվելուց հետո վերադարձել է զորամաս և մինչ օրս ոչ զորամասի բուժկետ, ոչ վերադաս հրամանատարությանը որևէ գանգատով չի դիմել:
Ըստ ծառայակիցների և զորամասի հրամանատարության, նշված զինծառայողը սնվելու խնդիր եւս չունի, մասնակցում է նախաճաշին, ճաշին և ընթրիքին»,-հայտնեցին ՊՆ-ից:
Բայց ծնողները հակառակն են պնդում:
Սոնա Գրիգորյան





























