Ո՞ՒՐ ԷՐ ՇՔԵՂ ՇՈՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց մանկական «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը, որի մասին խոսվում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում: Մրցույթին մասնակցեցին 13 երկրներ` Ռուսաստանը, Լատվիան, Մոլդովան, Հայաստանը, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան, Նիդերլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը եւ Բելգիան:
«Եվրատեսիլ-2011» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանից Candy խումբը, որի երգչուհիներից մեկն էլ հայուհի է` Աննա Խանչալյան: Վրաստանն առաջին հորիզոնականը գրավեց 108 միավորով, երկրորդ տեղը զբաղեցրեց  Նիդերլանդները` 103 միավորով, երրորդը` Բելառուսը` 98 միավորով, այնուհետեւ Ռուսաստանն ու Հայաստանը:
Ընտրությունը կատարվեց հեռուստադիտողների եւ ժյուրիի կողմից` 50/50 հարաբերությամբ: Հայաստանյան ժյուրիի նախագահն էր Արմեն Ամիրյանը, անդամները` Էմմա Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը, Լանա Խաչատրյանը… Հետաքրքիր է` ինչ սկզբունքով էին ժյուրիի անդամ ընտրել Աննային եւ Լանային:
Իսկ հիմա անդրադառնանք այսպես կոչված «աննախադեպ» շոուին: Ամեն ինչ սկսվեց դուդուկով, հետո միացան դհոլն ու շոտլանդական ստեպը: Հանդիսատեսներից շատերը մեծ շոուի էին սպասում, որն այդպես էլ տեղի չունեցավ: «Ի՞նչն էր շոու, Սիրուշոյի պա՞րը, թե՞ Ավետի ու Գոհարի ճառերը: Որ այդքան պատրաստվել էին, ինչո՞ւ չէին մտածել այն մասին, որ դահլիճում գտնվող մարդկանց մեծ մասն անգլերեն չի հասկանում: Հասկացանք, եվրոպական ստանդարտներին ենք ուզում համապատասխանել, բայց ինչո՞ւ հաղորդավարները գոնե մեկ-մեկ հայերեն չէին խոսում: Իմ 5 եւ 8 տարեկան էրեխեքն այդպես էլ չհասկացան, թե ինչեր էին ասում հաղորդավարները: Էլ չեմ խոսում, որ Ավետ Բարսեղյանի անգլերենը հայերեն ակցենտով էր: Զարմանում եմ, մի կարգին անգլերեն խոսացող հաղորդավար չունեի՞նք: Բա ի՞նչ էին սկզբից ասում` Ռուսաստանից Գարիկ Մարտիրոսյանին ենք հրավիրելու»,-վրդովված նշեց հանդիսատեսներից մեկը: Իսկ հեռուստադիտողներից մեկի կարծիքով էլ հեռարձակման ձայնը շատ ցածր էր. «Չգիտեմ` դա տեխնիկական խնդիր էր, թե ինչ, բայց որ երեխաների ձայները խորքից էին լսվում, դա միայն ես չէ, որ նկատել եմ: Տպավորություն էր, որ բոլոր էրեխեքը բաղաձայն են»:
Ի դեպ, հանդիսատեսներից շատերը դժգոհ էին տոմսերի բարձր արժեքից: 32-ամյա Նարինե Մնացականյանը, ով 2 երեխաներին էլ բերել էր մարզահամերգային համալիր, նշեց. «Քանի որ իմ բալիկները շատ էին ուզում ներկա լինել, ես ստիպված գնեցի 2 տոմս, լավ ա` գոնե մինչեւ 7 տարեկան աղջկաս տոմս չէր հասնում: 2 տոմսի համար ընդհանուր առմամբ վճարեցինք 14 հազար դրամ, դա էլ դեռ ամենաէժաններից էր, հազիվ գտանք: Ես սա ասում եմ դեկտեմբերի 2-ի գլխավոր փորձի օրվա տոմսերի մասին: Այս տոնը կազմակերպված էր մանուկների համար, չէ՞: Բա ինչո՞ւ էին այդքան թանկ վաճառում այդ տոմսերը: Դուրս եկավ, որ Հայաստանը փող աշխատեց ե՛ւ դեկտեմբերի 2-ին, ե՛ւ 3-ին, ո՞վ է տեսել` փորձի տոմսերն էլ վաճառեն»:
Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել պահուստային ֆոնդից 172 մլն դրամ հատկացնել Երեւանում մանկական «Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպման համար: Նշվել էր, որ միջոցները կուղղվեն մանկական «Եվրատեսիլ»-ը պատշաճ մակարդակով անցկացնելուն: Կհիշե՞ք, թե այսքան գումար պետությունն է՞լ ինչի համար էր հատկացրել:
Մի քիչ շատ չէ՞: Չէ՞ որ «Եվրատեսիլ»-ի համար գումար են փոխանցել նաեւ Հանրային հեռուստաընկերությունը, Եվրոպական հեռարձակողների միությունը, չհաշված բազմաթիվ հովանավորներին… Մի քիչ խելամիտ գտնվելու դեպքում կարելի էր այդ 172 միլիոն դրամը շատ ավելի արդյունավետ ծախսել` հօգուտ հայ մանուկների:
Մի դիտարկում եւս. Էմմիին այդպես էլ չհրավիրեցին մասնակցել գոնե հյուրի կարգավիճակով, իսկ Սիրուշոն, ով մի քանի տարի առաջ էր հանդես եկել այդ մրցույթում, պատվավոր հյուր էր: Ինչեւէ, հիմա մեկ այլ փաստ. ինչպես շատ համերգների ժամանակ, այնպես էլ «Եվրատեսիլ»-ի դեպքում տոմսերը վաճառվում էին մինչեւ վերջին պահը. աստիճանների մոտ կանգնած մի քանի տղա շատ ակտիվ վաճառում էին դրանք: Դա դեռ ոչինչ, նյարդայնացնող մի այլ երեւույթ էլ նկատեցինք: Մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված էր 6 տաղավար, որտեղ վաճառում էին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, այն դեպքում, երբ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց երկրի խորհրդանիշերից նվիրում էին: Այդ նվերներից հասավ ե՛ւ մասնակից երեխաներին, ե՛ւ լրագրողներին, ե՛ւ հանդիսականներին:
Ինչ վերաբերում է լրագրողներին, ապա նրանց համար ստեղծված էին բավականին լավ պայմաններ: Անվճար սուրճ, համացանցին միացված համակարգիչներ… Բայց  դրսից ժամանած լրագրողներն անհամեմատ ավելի շատ էին, այն դեպքում, երբ հայաստանյան շատ լրատվամիջոցների ներկայացուցիչների պարզապես չէին հավատարմագրել:
Ինչեւէ, լավ թե վատ` «Եվրատեսիլ 2011»-ը կայացավ: Շնորհավորենք Վրաստանի մասնակիցներին ու հիշեցնենք, որ մանկական «Եվրատեսիլ-2012»-ը կկայանա Նիդերլանդներում, քանի որ մրցույթն անցկացնելու հայտը շահել է այդ երկիրը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս