ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեայում տեղի ունեցողը նման է « զտումների կամ հեղափոխության»։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում։
«Ի՞նչ է կատարվում Հարավային Կորեայում։ Այն նման է զտումների կամ հեղափոխության։ Մենք չենք կարող դա թույլ տալ և այնտեղ բիզնեսով զբաղվել»,- գրել է ամերիկացի առաջնորդը։ Նա հիշեցրել է նաև, որ երկուշաբթի Սպիտակ տանը հանդիպում կունենա Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնգի հետ։
Երկրում քաղաքական անկայունությունը սրվել է հուլիսի 9-ին նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալությունից հետո։ Նրա բանտարկությունը կապված է 2024 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական դրության իրադարձությունների հետաքննության հետ։ Պաշտպանությունը պնդում է, որ ձերբակալությունն «անօրինական և անհիմն» էր։ Յուն Սոկ Յոլը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու և հանցանշանների ոչնչացման փորձի մեջ։
Ավելի վաղ՝ հունվարին, պետության նախկին ղեկավարն արդեն կալանքի տակ էր ապստամբության գործով։ Մարտին նա ազատ էր արձակվել, սակայն ապրիլին Սահմանադրական դատարանը նրան պաշտոնանկ է արել։
Կորեայի Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեցին հունիսի 3-ին։ Հաղթանակը տարավ ընդդիմադիր «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Լի Չժե Մյոնգը, որը ստացավ ձայների 49,4%-ը։























