Armenian text to speach

Պուտինն ու Փեզեշքիանն հեռախոսազրույց են ունեցել . ի՞նչ են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Քննարկվել են Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ Պուտինի՝ Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ կայացած վերջին բանակցությունների արդյունքները։

Իրանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքի հրապարակմամբ, Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Ալյասկայի բանակցությունների արդյունքներից եւ հույս հայտնել, որ դրանք կնպաստեն Ուկրաինայի ճգնաժամի արագ լուծմանը։ Նա նշել է, որ անձամբ կհսկի Ռաշտ–Աստարա երկաթուղու շինարարության արագացված ընթացքը, որը կարեւոր օղակ է Միջազգային Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքում (INSTC)՝ Պարսից ծոցը կապելով Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաեւ վերահսկելու է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված այլ երկկողմ համաձայնագրերի իրականացումը։

Փեզեշքիանը կարեւորել է տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ BRICS-ի դերը՝ որպես հարթակներ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու եւ միակողմանիությանը հակազդելու համար։ Անդրադառնալով իր վերջերս կատարած այցելությանը Հայաստան՝ նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանի Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հետ քննարկումներում ու պայմանավորվածություններում լիովին հաշվի են առնվել Իրանի մտահոգությունները։ Փեզեշքիանը նաեւ պաշտպանել է «3+3» ձեւաչափը՝ Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որպես Կովկասյան հարցերի հասցեական լուծման առավել արդյունավետ մեխանիզմ։

Ի պատասխան՝ նախագահ Պուտինը ներկայացրել է Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր վերջին բանակցությունների հիմնական շեշտադրումները եւ արդյունքները՝ նշելով, որ արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի ընթացիկ հակամարտության լուծմանը։ Նա հարաբերությունները Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ բնորոշել է կառուցողական եւ կայուն առաջընթաց արձանագրող՝ ընդգծելով, որ ընթացիկ տարվա առաջին կեսին երկկողմ առեւտուրը աճել է 11 տոկոսով։

Պուտինը նշել է նաեւ մի շարք համատեղ նախագծերի առաջընթացը, ներառյալ նշանակալի Ռաշտ–Աստարա երկաթուղու շինարարությունը, ինչպես նաեւ Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի ուղղությամբ համագործակցության բավարար տեմպերը՝ հավելելով, որ կայանի համար նոր վառելիքի մատակարարումը ընթացքի մեջ է։

Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր երկրի ուժեղ աջակցությունը Իրանի ուրանի հարստացման իրավունքին՝ այն որակելով որպես երկկողմ գործընկերության հիմնարար եւ կարեւոր բաղադրիչ։ Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձեւի շուրջ ընթացող բանակցությունները կավարտվեն բարենպաստ արդյունքով։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս