Ներիշխանական վերադասավորումների հեռահար պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի կառավարության կամ գերատեսչությունների կազմում փոփոխությունների կամ վերադասավորումների վերաբերյալ հայաստանցիները երբեք որևէ բացատրություն չեն ստանում: Իշխանություններն անգամ անհրաժեշտ չեն համարում գնահատել հեռացող պաշտոնյաների գործունեությունը: Այդ իսկ պատճառով նման դեպքերում մնում է միայն ենթադրություններ և վերլուծություններ անել:

Բավականին կարճ ժամանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «ազատվեց» իր ամենամտերիմ մարդկանցից երկուսից: Վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարականի մղելուց հետո նա առաջարկեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին՝ անմիջապես ազատվել բոլոր պաշտոններից կամ դրանց կրողներից և խորը ընդդիմության դաշտ անցնել:

Այն, որ իր «հարազատ» ՀՀԿ-ում նախագահը շատ վիճարկելի աջակցություն ունի, հանրահայտ է: Այդ հանգամանքը եղել և մնում է Սարգսյանի աքիլեսյան գարշապարը:

Նախագահածին լինելով ՝ իշխանական մնալուն համաձայնած կուսակցությունում կան ներքին կոշտ հակասություններ, և քոչարյանական կամ հակասարգսյանական թևը բավականին լուրջ դիրքեր ունի:

Նման պայմաններում դժվար է ենթադրել, որ մի քանի քայլ առաջ իր մարտավարությունը ծրագրող Սերժ Սարգսյանը կգնա քաղաքական ինքնասպանության՝ ազատվելով իր այդքան սակավաթիվ նվիրյալներից:

Լավագույն տղերքը հեռանում են…

Այն, որ Տիգրան Սարգսյանը նախագահի ամենավստահելի մարդկանցից է, ապացուցում է այն փաստը, որ քոչարյանական թևի հետ պայմանավորվածությունը դրժելով, Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին նշանակեց հենց նրան, և այդ որոշումը չփոխվեց երկար ու ձիգ վեց տարի:

Իր վարչապետական երկարակեցությամբ Տիգրան Սարգսյանը զիջում է միայն հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանին, քանի որ հայաստանյան մյուս տասը վարչապետները տարբեր պատճառներով պաշտոնավարել են մոտ մեկական տարի:

Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա իր ՕԵԿ-ի հետ հանդերձ, այսօրվա նախագահի ամենասիրված նախագծերից մեկն է:

1998թ-ի բարդ իրավիճակում ստեղծելով կեղծ ընդդիմադիր այս կուսակցությունը, Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում բազմիցս օգտագործել և դեռ օգտագործելու է Արթուր Բաղդասարյանի անվիճելի խարիզմայի վրա խարսխված այս պսևդոքաղաքական ուժի ռեսուրսը:

Սերժ Սարգսյանը պատկանում է քաղաքական գործչի այն տեսակին, որը հեշտորեն չի փոխում իր շրջապատը, և գնահատելով նվիրվածությունը, պահի թելադրանքով չի զոհաբերում իր կողմից խաղացող ֆիգուրները:

Բավական է հիշել նախագահի աշխատակազմի այսօրվա ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ կապված պատմությունը, որին ռազմավարական գործընկեր երկրի հատուկ ծառայությունները ներքաշեցին լրտեսական սկանդալի մեջ, սակայն նախագահը չցանկացավ հրաժարվել նրանից:

Եթե հիշենք նաև այն փաստը, որ համեմատաբար վերջերս Սերժ Սարգսյանը անսպասելիորեն Սուրբ Գահի նստավայր աքսորեց իր սիրելի փեսային՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և մեդիամագնատ Միքայել Մինասյանին, ապա ուրվագծվում է հստակ համակարգ, մի քանի քայլանոց կոմբինացիա, որը ուղղված է որոշակի նպատակի:

Ժամանակավոր նահանջ` հարձակումից առաջ

Ցանկացած իշխանության նպատակը սեփական վերարտադրությունն է, իսկ քաղաքականության ասեղի վրա նստած ցանկացած գործիչ երբեք ինքնակամ չի հրաժարվի իշխանությունից:

Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս երբեք չի ձգտելու ո՛չ երկրի ղեկավարի, և ո՛չ էլ վարչապետի պաշտոնին:

Սակայն նախկին նախագահները չեն զբաղվում մեղվաբուծությամբ կամ ծաղիկ աճեցնելով, համենայն դեպս` ոչ մեր երկրում: Ուստի տրամաբանական կլինի ենթադրել, որ այսօրվա նախագահը նույնպես չի պատրաստվում բաց թողնել կառավարման ղեկը, և հետագայում վերահսկողությունը պահպանելու նպատակով որոշել է օգտագործել իր թիմի ավելի երիտասարդ անդամներին:

Այսօր հեռացնելով վերջիններիս իշխանությունից կամ նույնիսկ երկրից, նախագահն, ըստ ամենայնի, նախապատրաստում է վաղվա ռևանշը:

Վերջին ռակիրովկաների արդյունքում Սարգսյանն իր «տղաներին» ցանկանում է դուրս բերել ակտիվ վիճակից՝ գնալով ուժգնացող քննադատություններից նրանց զերծ պահելու, հարվածի տակից հանելու ճանապարհով: Մինչև հաջորդ նախագահական ընտրությունները այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, և դրա նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Հանրության ուշադրության կենտրոնից հեռացնելով կամ ընդդիմադիր դաշտ մղելով իր թիմի անդամներին, Սերժ Սարգսյանը ձգտում է նրանց քաղաքական «ստերիլացման» ենթարկել`մաքուր վիճակում ապագա պայքարին մասնակց դարձնելու համար:

Դատելով այսօրվա ուժերի դասավորությունից, նախագահի աթոռի համար պայքարը թեժ է լինելու, և սարգսյանական թևի սակավ ներկայացուցիչներից յուրաքանչյուրին, հավանաբար, արդեն որոշակի դեր է հատկացված:

Ռիտա Կարապետյան




Լրահոս