«Դեմ եմ»-ն ամփոփում է այսօրվա ակցիայի արդյունքները (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքվել են  Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ, որտեղից պատրաստվում են շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, այս պահին ակցիայի մասնակիցները առայժմ սակավաթիվ են:

Ուղիղ միացումը՝ 1in.am

19:28: «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքվել են  ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը իր ելույթում հայտարարեց, որ  մարդիկ շատ լավ կազմակերպվում են և կարողանում են բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

«Մենք 19:30-ին, երբ բոլորս կհավաքվենք, այստեղից կհղենք մեր պահանջը»,- ասաց Մանուկյանը, ապա հիշեցրեց, որ իրենց ակցիան  խաղաղ բնույթ է կրում. «Սադրող խմբերի սադրանքներին որևէ մեկը թող չենթարկվի: Օրենքից դուրս ոչինչ չի լինելու: Մեր հանրությանն էլ կոչ եմ անում ցուցաբերել մաքսիմալ սառնասրտություն»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ իրավապահ մարմիններն էլ  նախագահի նստավայրի մայթեզրին պատ են կազմել:

19:37:  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին տեղեկացրեց, որ այս հավաքը արտոնված հավաք չէ:

«Այնպես արեք, որ մյուս անգամ նման բան չլինի ու սա սովորություն չդառնա: Իրավապահները չպետք է ակցիայի մասին տեղեկանան կայքերից ու լրատվամիջոցներից: Չպետք է այլ քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Մենք կանգնած ենք ձեր կողքին, տեսնում ենք ձեր հայացքները»,- ասաց Օսիպյանը` հավելելով, որ եթե սադրիչ լինի, իրենք կհեռացնեն անմիջապես:

Մինչ Օսիպյանը ակցիայի մասնակիցներին  հիշեցնում է չարտոնված  լինելը, ակցիայի մասնակիցներն աստիճանաբար ավելանում են:

19:52: ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կարծես թե իրավիճակը դառնում է լարված: Խցանումներ են առաջացել նախագահականի դիմացի մայթեզրում, որն ամբողջությամբ պատի տեսքով փակել են  իրավապահները:

«Մենք նախագահից պահանջում ենք չեղյալ համարել այս օրենքի կիրառումը և հետ վերադարձնել մարդկանց գումարները»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նախաձեռնության անդամները մի քանի անգամ հայտարարեցին մեկ այլ երթևեկելի հատված տրամադրելու մասին:

20:15: ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահականի դիմաց  մոտեցել է նախաձեռնության անդամներին ու  հայտարարել, որ ինքն առաջին քայլն արել է՝ ապօրինի քայլ չի արվի: Ինքը պատրաստ է երկխոսելու նախաձեռնության անդամների հետ: «Ինձ հետ ուլտիմատումներով մի խոսեք»,- ասաց Աբրահամյանը, երբ որոշ պահանջներ դրեցին վարչապետի  առաջ: Նա  առաջարկեց  վաղը մի քանի անդամներով  երկխոսել իրենց հետ:

«Չի կարելի ՍԴ-ի  որոշումը քննարկել,- ասաց  նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ իրենք  նոր մշակվող օրենքի նախագիծը  կարող են քննարկել  վարչապետի հետ, բայց ոչ երբեք ՍԴ-ի որոշումը:

20:35:

Հովիկ Աբրահամյանը  «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ասաց, որ ինքը նրանցից մեկն է և ցանկանում է հարցը տանել  կառավարություն:

«Մեզ ժամանակ է պետք, որ ձեր հարցերին պատասխանենք:  Հավատացեք, որ մենք քայլեր անելու ենք»,- ասաց Աբրահամյանը, ապա անդամներին վաղը հրավիրեց  քննարկման:

Դավիթ Մանուկյանն էլ ասաց, որ  իրենք կերկխոսեն միայն մշակվող օրենքի շուրջ, եթե իրենց առաջարկած կետերը փոփոխության ենթարկվեն` մասնավորապես  էլեկտրոնային հաշվետվության ձևը փոխելն ու մարդկանցից ապօրինի գանձումներ չանել:

Նախաձեռնության անդամները հիմա երթով շարժվում են  Ազատության հրապարակ:

21:25: «Մենք չէինք հավաքվել, որ հանդիպեինք վարչապետի հետ: Մենք հստակ վեկտորն ուղղելու ենք նախագահին, քանի որ Սահմանադրությունն ու ՍԴ-ի որոշումը, բնականաբար մենք դիմելու  ենք նախագահին»,- քիչ  առաջ Ազատության  հրապարակում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամը:

Դավիթ Մանուկյանի խոսքով` ժամանակը ցույց կտա`կառավարությունը խելամիտ է, թե ոչ: Եթե կլուծեն մեր բարձրացրած խնդիրները, շատ լավ: Դրանից հետո միայն   կենսաթոշակի օրենքի հետ կապված նոր մշակվող օրենքի շուրջ իրենք կերխոսեն կառավարության հետ: 




Լրահոս