Armenian text to speach

Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Շիրակի մարզի 27 դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շիրակի մարզում ուսումնական նոր տարին դիմավորում են դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներով:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մարզի 27 դպրոցներում, որոնցից 15-ը՝ Գյումրիում։

Գյումրիում մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն թիվ 20, 28 և 38 դպրոցների շինարարական աշխատանքները, իսկ 6 դպրոցում աշխատանքներն ամբողջապես չեն ավարտվի, սակայն դասապրոցեսը կկազմակերպվի ավարտված մասնաշենքերում. խոսքը թիվ 11, 21, 23, 32, 41, 45 դպրոցների մասին է։

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ևս 6 դպրոցում, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դասապրոցեսը կիրականացնեն այլ դպրոցներում։ Մասնավորապես, թիվ 5, 7, 9, 19, 30, 31 դպրոցները դասերն անցկացնելու են այլ դպրոցներում։

Վերանորոգման աշխատանքները մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն Շիրակի մարզի Նոր Կյանք և Փանիկ բնակավայրերի դպրոցներում, գյուղական մյուս բնակավայրերում նորոգվող դպրոցների աշխատանքները կկազմակերպվեն տվյալ բնակավայրերի նպատակահարմար վարչական շենքերում և հաստատություններում։

«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ կրթության բնագավառի պատասխանատուներն անելու են հնարավորը՝ դասապրոցեսը անխոչընդոտ կազմակերպելու, իսկ շինարարական կազմակերպությունները՝ շինաշխատանքները որակով և սահմանված ժամկետներում ավարտելու համար»,-նշել են մարզպետարանից՝ հավելելով, որ Շիրակի մարզում հիմքից կառուցվում է 12 կրթահամալիր՝ ընդհանուր 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ արժողությամբ։

 




Լրահոս