Կաթնամթերքի հայկական շուկան կարծես թե հայտնվում է խոցելի վիճակում։ Մեզ ահազանգեր են հասնում, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Մասնավորապես՝ ՌԴ համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Ոլորտի մասնագետների (որոնք չցանկացան բաց խոսել) շրջանում մեր իրականացրած հարցման արդյունքում՝ հանգում ենք նախնական եզրակացության, որ «պարսկական սերուցքով» պատրաստվող կաթնամթերքն անհամեմատ ավելի էժան է ստացվում, սակայն, ըստ էության, ժողովրդական լեզվով ասած՝ «բնական ու մաքուր չէ», առավել եւս, եթե համեմատելու լինենք տեղական կամ տնական մաքուր պայմաններում ստացված բնական մթերքի հետ։ Մաքսային մարմինների մեր աղբյուրները փոխանցեցին, որ սերուցք իսկապես բերվում է, ու բերվում է շատ տարբեր ընկերությունների ու նույնիսկ անհատների միջոցով, եւ ամենայն հավանականությամբ, այդ ապրանքի շարժը դժվար է լինում վերահսկել. կարճ ասած՝ պարզ չէ՝ այդ սերուցքով ՀՀ-ում կարա՞գ է պատրաստվել, թե՞ թթվասեր, կամ միգուցե այն վերաարտահանվե՞լ է։
Տեղական, հատկապես փոքր ու միջին խանութներում համեմատաբար էժան կաթնամթերք վաճառող ընկերությունների անմեղության կանխավարկածը չխախտելու համար, այս փուլում զերծ կմնանք անուններ հրապարակելուց։ Պատրաստվում ենք թեմայի շրջանակում խորքային հետաքննություն սկսել ու պատկան մարմիններին հարցումներ ուղարկել՝ պարզելու՝ արդյոք հանրային առողջությանը սպառնացող վտանգ կա։ Սպառողն իրավունք ունի իմանալու իր կողմից գնվող ապրանքի հիմքի ծագման երկիրը, տեղեկանալու՝ արդյոք պետությունն ի վիճակի է վերահսկել շուկան, եւ թե որ ընկերություններն են իրենց արտադրանքի հիմքում օգտագործում ներմուծված հումք։
Հ. Գ. թեմայի ուսումնասիրության ընթացքում սննդի անվտանգության ոլորտով հետաքրքրված մասնագետներից մեկը տեսանյութ ուղարկեց, որտեղ, ըստ ներկայացվող տեղեկության, պատրաստվում է կաթ. դա արվում է՝ ջրի մեջ խառնելով ինչ-որ հեղուկ։ Ըստ նմանաբովանդակ տեսանյութերի՝ հատկապես Չինաստանում այն շատ տարածված մեթոդ է «կաթ» ստանալու համար։
ԱԱԾ մեկուսարան՝ գործարար Սամվել Կարապետյանի մոտ, դարձյալ քննիչ է գնացել ու հարցաքննել, այս անգամ ենթադրյալ փողերի լվացման գործով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարարը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է։ Փաստացի՝ գործարար Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեի կողմից 3 անգամ հարցաքննվել է. 2 անգամ «մեր ձեւով» արտահայտության համար, եւ մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա վերջին հարցաքննությունը կարճ է տեւել. գործարարը պնդել է, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհիմն անհեթեթություն է, եւ ըստ էության այլ ասելիք չի եղել, որովհետեւ, փաստաբանների գնահատմամբ, սա հնարովի մեղադրանք է: Հիշեցնենք, որ ՍամվելԿարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո: Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է սարքել, հետո SMS հրահանգով՝ երկու ամսով կալանավորեցին: Ավելին, Հակակոռուպցիոն դատարանը օրերս կրկին երկարաձգեց գործարարի կալանքը, որը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նրա կալանքի երկարաձգման դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ Ի դեպ, գործարարը կալանավայրից արդեն հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին:
Երեկ Երեւանի քաղաքային իշխանությունները եւ Կառավարության ներկայացուցիչները ներկա գտնվեցին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։ Այս շինարարության համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 4 մլրդ 750 մլն դրամ, որը ներառում է 1-ին եւ 2-րդ փուլի աշխատանքները։ Կառուցումից՝ 1969 թվականից մինչեւ օրս, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբեւէ չի հիմնանորոգվել: Թվում է, թե այո, բացասական ոչինչ չկա, մարզադպրոց է նորոգվում. սակայն հետաքրքիրը ոչ թե հենց մարզադպրոցն է, այլ թե որ ընկերությունն է կառուցապատում այն։ Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։ «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կապվող անձինք 2023 թվականի հուլիսի 31-ին կլորիկ գումարներ են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին։ Ինչպես infocom.am-ը գրել էր՝ բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը եւ Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ եւ Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ: Կառուցապատման շինարարական մրցույթները շահած ընկերությունները, որոնք երկար ժամանակ կառուցում, ժամկետներ են խախտում եւ մնում անպատիժ, պատահական ընկերություններ չեն։
Նարեկ Մկրտչյանը շուտով կփոխարինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին, ում դեսպան լինելու ժամկետը լրացել է դեռ օգոստոսի 2-ին: Թեեւ նա կարող էր մեկ անգամ եւս երկարաձգել պաշտոնավարումը, սակայն Նիկոլ Փաշինյանը Մակունցին չի թողնում շարունակել աշխատանքը։
ՔՊ-ն շտապել է նաեւ Մկրտչյանին փոխարինող գտնել նախարարի պաշտոնում. նա Նիկոլ Փաշինյանի գովքն անող, կոռուպցիոն եւ հայհոյախառն սկանդալներում հայտնված, բայց դեռ վկայի կարգավիճակ ունեցող Արսեն Թորոսյանն է։
Իսկ ի՞նչ ունեցվածքով է Նարեկ Մկրտչյանը պատրաստվում մեկնել ԱՄՆ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ում դեռ պաշտոնապես չեն ազատել նախարարի պաշտոնից, մինչեւ նախարար դառնալը՝ 2018 թվականի հեղափոխությունից սկսած, եկել էր իշխանության ու դարձել Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչ պատգամավոր դառնալը նա շարքային դասախոս էր, ով աշխատում էր «Այբ» կրթական հիմնադրամում եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
Պատմական գիտությունների թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերել 1956 թվականին, սակայն ինքը՝ նախարարը, ծնվել է 1989 թվականին։ Այս վրիպակը թերեւս շտկման կարիք ունի:
Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոց։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ,հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է նախարարությունից, իսկ Ամերիկյան համալսարանում դասավանդելու համար Մկրտչյանը ստացել է 1 մլն 610 հազար դրամ։
Եկամուտներից 4 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, իսկ 1 մլն 464 հազար դրամը վարկ է «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկից։
Մկրտչյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Թեպետ առանձնապես աչքի ընկնող հայտարարագիր չէ, սակայն Փարաքարում նրա եւ ընտանիքի անվան հետ բազմաթիվ կալվածքներ են կապվում. պետական մրցույթների կազմակերպչական գործերում եւս Նարեկ Մկրտչյանն ակտիվ է:



















































































