Armenian text to speach

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Իմ մասնակի ազատությունից հետո հայտարարել եմ՝ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածին չափով պայքարը գերակա ուղղություն է», – այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց.

«Հայաստանում այսօր 30-ից ավելի քաղաքական բանտարկյալ կա, եւ նրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն քաղաքական հայացքների, այլեւ սեփական համոզմունքների եւ խղճի համար Է բանտարկված։ Այստեղ եմ՝ Միքայել Սրբազանին իմ աջակցությունը հայտնելու համար։ Մինչ այդ տարբեր դատական նիստերով եղել եմ այլ քաղաքական բանտարկությունների դատավարությունների՝ ասելու համար, որ քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում տվյալ երկրի եւ ժողովրդի ամոթն է։ Կրկնակի ամոթ է, երբ ժողովուրդը, հասարակությունը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատությանը հասնելու համար։

Ես կարծում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, որոնք, օրինակ, իմ եւ Միքայել Սրբազանի միջեւ մշտապես եղել են եւ երբեմն անցել բուռն քննարկումների սահմանը, բացարձակ ոչինչ են համեմատ այն իրողության, որ իմ եկեղեցու հոգեւոր սպասավորը իր համոզմունքների համար շինծու, ապօրինի ձեւով ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ գտնվում է անազատության մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես անազատության մեջ են ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանը, Ազգային ժողովի պատգամավորներ՝ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, զոհված ազատամարտիկների ծնողներ, կանայք, գործարարներ, երգիծաբաններ։ Երեւի թե չկա հասարակության մի շերտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել այդ շերտը մոբիլիզացնելու հնարավորություն։ Ես կարծում եմ, որ հանրային պայքարը այդ մարդկանց ազատության համար շատ հեռու է բավարար լինելուց։ Սա արձանագրում եմ ցավով եւ կրկնում եմ այն առաջարկս, որ արել եմ առաջին իսկ մամուլի ասուլիսին՝ ստեղծել որոշակի կոորդինացիոն խորհուրդ՝ կարճ, առանց բյուրոկրատիայի, այս հարցերով զբաղվելու համար։

Առանց ավելորդ համեստության ասեմ, որ Հանրապետական կուսակցությանը հաջողվել է այն միջազգային հարթակներում, որտեղ ներկայացված ենք, մասնավորապես՝ համաշխարհային խոշորագույն քաղաքական կազմակերպությունում, ինչպիսին է «Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը», անցկացնել համապատասխան քաղաքական բանաձեւ։ Եվ այդ բանաձեւում հստակ ֆիքսվում է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Այս առումով կա հետեւողականություն։ Ուզում եմ կոչ անել ընդդիմադիր դաշտի մնացած բոլոր քաղաքական ուժերին, որոնք ունեն արտասահմանում կապեր, մշտապես բարձրաձայնել քաղաքական բանտարկյալների ազատության հարցը թե՛ եվրոպական, թե՛ միջազգային տարբեր ատյաններում, որովհետեւ սա շատ կարեւոր է։

Կարծես թե պատնեշ է ստեղծվել, եւ Հայաստանի քաղբանտարկյալների մասին միջազգային հարթակներում կարծես չի հնչեցվում։ Մինչդեռ, օրինակ, հակառակ պատկերն է Բելառուսի քաղբանտարկյալների դեպքում, Վրաստանի դեպքում։ Իսկ Հայաստանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ կա լռության պատ, եւ այդ պատը պետք է ճեղքել համառությամբ, խելացի աշխատանքով, անձնական եւ կուսակցական կապերը գործի դնելով։

Թե՛ Հայաստանում, եւ թե՛ Հայաստանից դուրս պետք է պայքարել՝ մինչեւ վերջին քաղբանտարկյալի ազատ արձակումը»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վաչե Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Վաչե Մարգարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Նարեկ Գաբրիելյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում:

 

 

ՉԻՆ ԴԵՍՊԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական եւ խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյա հոբելյանը։

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում խորին հարգանքով խոսեց նրանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելու համար ազգային ինքնիշխանությունը, անկախությունը եւ արժանապատվությունը, պաշտպանել են իրենց օջախներն ու ժողովրդին, ինչպես նաեւ պահպանել են միջազգային արդարությունն ու համաշխարհային խաղաղությունը։

«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ պակաս բարդ է, քան անցյալում։ Մենք գտնվում ենք գլոբալ խորքային փոփոխությունների շրջափուլում եւ կանգնած ենք պատմության շրջադարձային կետում։ Մեր ապագայի ուղղությունը կախված է այն ընտրություններից, որոնք մենք անում ենք այսօր։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու մեր կարողությունը կախված է նրանից, թե որքան լիարժեք եւ ճշգրիտ ենք հասկանում պատմությունը։ Հետեւաբար, մեր այսօրվա հանդիպման նպատակը՝ պատմությունից դասեր քաղելն ու համատեղ ապագա կառուցելն է»,- ասաց Լի Սինվեյը։

Լի Սինվեյն ընդգծեց, որ հայերը հզոր ազգ են, իսկ հայ զինվորներն աշխարհի ամենախիզախ եւ ամենանվիրյալ մարտիկներից։ Դիվանագետը հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանը տվել է Խորհրդային Միության չորս մարշալ, մեկ նավատորմի ադմիրալ, ավելի քան 60 գեներալներ։ Լի Սինվեյի գնահատմամբ՝ խաղաղությունը պարզ իրավիճակ չէ. դա այն բարձրագույն արժեքն է, որ մենք հետապնդում ենք, եւ մարդկության համար ավելի լավ ապագայի հասնելու միակ ճանապարհն է։

«Չինացիները բաց եւ ներառական ազգ են։ Մենք ձգտում ենք աշխարհի բոլոր ժողովուրդների համամիասնությանը, որը չի ճանաչում ազգություն, կրոն եւ գաղափարախոսություն։ Մեր առաքելությունն է նպաստել համաշխարհային խաղաղությանը եւ մարդկության առաջընթացին»,- եզրափակել է Լի Սինվեյը։

 

 

 




Լրահոս