Armenian text to speach

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ԻՐԱՆ ԿՀԱՍՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի գազի մատակարարումները դեպի Իրան կարող են մեկնարկել մոտ ժամանակում Ադրբեջանի տարածքով իրականացվող տրանզիտով։ Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը «Գազպրոմ»-ի հետ գրեթե բոլոր տեխնիկական ու կազմակերպական հարցերը հստակեցրել է, եւ այժմ ավարտական փուլում է գնի շուրջ համաձայնությունը։

 

«Հուսով ենք, որ դա կստացվի մոտ ապագայում։ Գործնականում ամեն ինչ լուծված է, պետք է ընդամենը ընդհանուր լեզու գտնենք գնի հարցում, եւ հետո ամեն ինչ կգործարկվի»,- ասել է Ջալալին՝ չնշելով հստակ ժամկետներ, սակայն մատնանշելով արագ առաջընթաց բանակցություններում։

Խոսելով Իսրայելի կողմից Գազայի լիակատար գրավման հնարավոր գործողության մասին՝ դեսպանը այն որակել է «մարդկության դեմ հանցագործություն»։ Նրա խոսքով՝ «սիոնիստական ռեժիմը» շրջափակում է մարդկանց Գազայի հատվածում, տանջում է սովով, սպանում եւ վիրավորում շատերին, ինչն անտեսում է ոչ միայն միջազգային, այլեւ մարդկային նորմերը եւ կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։

Անդրադառնալով Իսրայելի եւ Իրանի միջեւ նոր պատերազմի մասին հնչող տեսակետներին՝ Ջալալին դրանք համարել է մեդիայի վրա հիմնված ենթադրություններ։ «Իրանը պատերազմ չի ողջունում, դա ոչ մի երկրի եւ ոչ տարածաշրջանի շահերից չի բխում, սակայն հարձակման դեպքում մենք լուրջ պատասխան կտանք»,- նշել է դեսպանը՝ հիշեցնելով, որ 12-օրյա հակամարտության ժամանակ հրադադարը հնարավոր դարձավ միայն այն դեպքում, երբ «Իսրայելում կրեց լուրջ վնասներ»։

«Իրանը Գազա չէ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Գազայի հատվածում կատարվող գործողությունների թիրախում «անպաշտպան, անմեղ մարդիկ» են, եւ զոհվում են երեխաներ, կանայք ու տարեցներ։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը միայնակ պատերազմ սկսել չի կարող, նրան աջակցում են այլ տերություններ, եւ ընթացողը պրոքսի պատերազմ է, որտեղ Իսրայելը գործում է Արեւմուտքի անունից, ինչի հետեւանքով նրա գործողությունները համապատասխան չափով չեն դատապարտվում։

Դեսպանը շեշտել է նաեւ մարդու իրավունքների թեման՝ նշելով, որ այն պետությունները, որոնք մշտապես բարձրաձայնում են իրավունքի մասին, այժմ ամենաակնհայտ խախտումը կարելի է տեսնել հենց Գազայի իրադարձությունների մեջ, ինչը խորացնում է անվստահությունն ու լարվածությունը Մերձավոր Արեւելքում։

Ֆինանսական ոլորտին անդրադառնալով՝ Ջալալին հայտնել է, որ Իրանում նախատեսվում է ապահովել ռուսական «Միր» վճարային քարտերով վճարումների հասանելիությունը երկրի ողջ տարածքում մինչեւ 2025 թվականի ավարտը։ «Արդեն անցել ենք երեք փուլ, մնացել է եւս մեկը, եւ այն եւս կիրականացնենք նույն ժամկետում», – ասել է դեսպանը՝ չպարզաբանելով ներկայիս տարածական ընդգրկվածության մանրամասները։

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս