Armlur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզը սպասարկող համաճարակաբանների և անասնաբույժների կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների և ախտորոշիչ միջոցառումների կազմակերպման գործընթացում թույլ են տրվում չարաշահումներ։
Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, համաճարակաբանների գիտությամբ և ուղղորդմամբ նշված ՊՈԱԿ-ի անասնաբույժների կողմից պատվաստման գործընթացը կազմակերպելու ընթացքում վերջիններս գրանցամատյաններում լրացնում են կենդանիների պատվաստման և նմուշառման վերաբերյալ ուռճացված տվյալներ, որի դիմաց ստանում են հավելյալ գումարներ։
Արդյունքում իրավապահները՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ կատարված հարցումների շրջանակներում ստացված փաստաթղթերի ուսումնասիրության և օպերատիվ տեղեկությունների համադրման արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել, որ 2024 թ. ընթացքում ՀՀ Տավուշի մարզում հաշվառվել են ընդհանուր թվով 43.744 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններ ու ձիեր։
Մինչդեռ անասնաբույժների կողմից վարվող գրանցամատյաններում, ինչպես նաև վերջիններիս ու համաճարակաբանների կողմից ներկայացված հաշվետվություններում ներառվել են բովանդակությամբ կեղծ տվյալներ, թե իբր նույն ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզում կատարվել են ընդհանուր թվով 279.985 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասունների ու ձիերի պատվաստումներ և նմուշառումներ, որի հիման վրա էլ յուրաքանչյուր միջոցառման դիմաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վճարվել են 200-ական ՀՀ դրամի չափով՝ արդյունքում խաբեությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարներ։
Քնար Մանուկյան

























































































