Այս տարվա ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքը հերթական անգամ ցնցվեց երիտասարդ տղային, ինչպես էջմիածինցիներն են նշում՝ «բորենու» հոգեբանությամբ, առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու դեպքից։
Այդ օրը, Էջմիածին քաղաքի սրտում, վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, առանձնակի դաժանությամբ ծեծի են ենթարկում երիտասարդին, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվում Էջմիածնում երբևէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-ամյա Պարգև Հակոբյանը, ով մոտ 10 օր, գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով մահանում է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ։ Սակայն սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվում է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ են բարձրացնում, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։
Սպանվածի հարազատները ամենամեծ հույսերն էին փայփայում, որ քննչական կոմիտեում քննությունը կկատարվի օբյեկտիվ և կատարված հանցագործությունը կորակավորվի ըստ կատարած հանցանքի, որը, ըստ ծնողների, կանխամտածված սպանություն է։ Ծնողները վստահ են, որ այդ եռյակ «ոհմակը» նախապես եկել է, որպեսզի իրենց տղային մահվան դուռը հասցնի։ Սակայն արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչից էլ հույս չունեն, որ քննությունը տարվում է օբյեկտիվ․ ծնողները նույնիսկ լուրջ թերություններ են նկատել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի համար էլ դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որ քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։
Հավելենք, որ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 10-րդ և 15-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն իրականացվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով և ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։
Քրեական վարույթի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է, և վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել իրավասու դատարան։ Կալանավորվածները Էջմիածնում հայտնի բանտում գտնվող «Գոջոյի» որդիներն էին։ Դեպքից 10 օր հետո «Գոջոյի» որդիներից մեկը կալանավորվեց, իսկ մյուսը փախուստի մեջ էր։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ սպանությունից 3 ամիս հետո հետախուզվող մյուս անձը հանձնվում է իրավապահներին, ինչը խիստ կասկածի տեղիք է տալիս։ Քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ երկրորդ անձը ներկայացել է իրավապահներին։
Քնար Մանուկյան
























