Թուրքական Hürriyet պարբերականը ռեպորտաժ է հրապարակել Նախիջևանի Քոթամ գյուղից՝ Իրանի և Հայաստանի սահմանների հանգույցից, որտեղ, ըստ պարբերականի, կարող է անցնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Հրապարակման մեջ առանձին շեշտվում է նաև Թուրքիայում այս նախագծին տրված ռազմավարական նշանակություն մասին։
Hürriyet-ի լրագրողը Իգդիրից (Թուրքիա) Դիլուջու սահմանային անցակետով մտնելով Նախիջևան՝ մեկնել է Օրդուբադ և այնտեղից՝ Քոթամ գյուղ։ Նշվում է, որ Դիլուջուից Օրդուբադ հեռավորությունը մոտ 200 կմ է, ճանապարհը տևում է շուրջ երկու ժամ։ Ճանապարհին հաճախ նշմարվել է Արաքս գետը, ինչպես նաև՝ լքված վագոններով խորհրդային շրջանի հին երկաթուղին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Քոթամի եզրին հատվում են Նախիջևան–Հայաստան–Իրան սահմանները, իսկ Արաքս գետը հանդիսանում է բնական սահման այս հատվածում։ Հոդվածում ասվում է, որ «միջանցքի» նախանշվող մուտքի կետը Նախիջևանից Հայաստան հենց այստեղ է։ Նշվում է նաև, որ խորհրդային ժամանակների երկաթուղին ու թունելները պահպանվել են, և հավանական գործարկման դեպքում կա՛մ կվերականգնվի հինը, կա՛մ նույն երթուղու վրա կկառուցվի նոր:
Ռեպորտաժում նկարագրվում է սահմանային վերահսկողությունը. Իրանի պահակային աշտարակները տեսանելի են ճանապարհից, ինչպես նաև՝ Նախիջևանի ու հայկական սահմանային դիրքերը։ Ներկայացվում է, որ սահմանագծի այն կողմում գործում է Հայաստանի Ագարակ մաքսակետը, որտեղից մեքենաների շարժը նկատելի է։
Hürriyet-ի փոխանցմամբ՝ Օրդուբադի բնակիչները թեմային հետևում են հետաքրքրությամբ, սակայն՝ զգուշավորությամբ. նրանք հույս ունեն, որ հնարավոր ճանապարհային հաղորդակցությունը կարող է օգուտ բերել տարածաշրջանի տնտեսությանը, թեև մանրամասներին լիովին տեղեկացված չեն։
Պարբերականը գրում է, որ Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես Ադրբեջանով և այլ թուրքական երկրներով ուղղակի ցամաքային կապի հնարավորություն, մինչդեռ Իրանը դեմ է նախագծին։ Հոդվածում նաև պնդվում է, թե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախնական համաձայնություն են ձեռք բերել նախագծի շուրջ և այն անվանել « Թրամփի երթուղի Միջազգային խաղաղության և բարեկեցության համար»։
Հեղինակ՝ Անի Վարդանյան






























