«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք համագումարին ընդառաջ, հրահանգ է իջել համայնքներում ՔՊ խմբակցությունների անդամ ավագանիներին, որ բոլորը ՔՊ-ին պետք է անդամագրվեն կամ էլ վայր դնեն մանդատն ու հեռանան։ Բնականաբար, հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանից:
Նա ՔՊ վարչության ընտրությունների համար փորձում է իրեն ապահովագրել հնարավոր անակնկալներից եւ վարչությունն ընտրող պատվիրակների կազմը առավել կախյալ անձանցից ձեւավորել։
Բանն այն է, որ ավագանու անդամները ՔՊ տարածքային կազմակերպության անդամներ են, որոնք համարվում են նաեւ վարչության ընտրությունների ընտրիչներ։
Այդ մարդիկ են գաղտնի քվեարկությամբ ընտրելու թե՛ կուսակցական ղեկավար մարմինը՝ վարչությունը, թե՛ վերահսկող հանձնաժողովը, ուստի ինչքան շատ լինեն նրանք, այնքան կուսակցության ներսում առկա եւ միմյանց, իսկ ամենագլխավորը՝ Փաշինյանի դեմ պայքարող խմբավորումների գործը կբարդանա:
Մեծ թվով ընտրիչների դեպքում ոչ ոք չի կարողանա, բացի Փաշինյանից, ուղղորդել ինչ-որ խմբերի եւ իրենց համար ցանկալի վարչություն ձեւավորել։ Դիցուք՝ Սուրեն Պապիկյանի կամ Տիգրան Ավինյանի համար ավելի հեշտ կլինի 1000 պատվիրակից ստանալ անցողիկ ձայներ, ասենք` 300 ձայն, քան 1500-ից։ ՔՊ վարչության նախորդ ընտրություններին ընտրիչների թիվը եղել է մոտ հազար, այժմ ՔՊ-ականները վստահեցնում են, որ այդ թիվը մեծացել է` շնորհիվ այն բանի, որ ՔՊ անդամների թիվն է մեծացել, ըստ այդմ` համագումարի պատվիրակների քանակը:
Այդ նպատակով էլ ավագանու անկուսակցական անդամներին պարտադրել են ՔՊ-ական դառնալ, ինչպես ՀՀԿ-ն էր անում` «հին- բարի ժամանակներում»։ Շատերը կհիշեն, թե ինչպես Կարեն Կարապետյանը ՀՀԿ մտնելիս 7 հազար նոր անդամ իր հետ տարավ ՀՀԿ, ապա նրանք մի գիշերում դուրս եկան, երբ Կարեն Կարապետյանը լքեց ՀՀԿ-ն։ Նախկինների թունդ քննադատ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, որոշել է ոչ մի ոլորտում չզիջել նրանց, եթե չասենք՝ գերազանցել։
Բացի այդ, որքան էլ ՔՊ-ում ծածկադմփոց արեցին վարչության նախորդ ընտրությունները, երբ որոշ կարկառուն ՔՊ-ականներ ձայների հաշվարկի ժամանակ յուրայինների միջոցով կեղծիքներ արեցին եւ մտան վարչություն, ինչը բացահայտվեց Արսեն Թորոսյանի բարձրացրած աղմուկից եւ վերահաշվարկի պահանջներից հետո, այդ խարանը դրոշմվել է ՔՊ-ի ճակատին, եւ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այս անգամ նույնկերպ խայտառակ չլինեն` կուսակցական առաջնորդի իր հեղինակությամբ հենց ինքը ձեւավորի վարչություն, վերջնականապես թաղելով դեմոկրատիայի հույսերը, բայց նաեւ արդար ու թափանցիկ ընտրությունների պատրանք ստեղծելով։
Նա կուսակցական ղեկավար մարմինը ձեւավորելու է իր ճաշակով, նրա համար խնդիր չէ 1500 հոգու ուղղորդելը՝ իր մունետիկների միջոցով։ ՔՊ-ականները վստահ են, որ Փաշինյանը նախընտրելիների ցուցակ ունի, որն արդեն փոխանցվել է տարածքային կազմակերպություններին, որտեղ, բնականաբար, շեֆի ցանկությունը կյանքի կկոչեն։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը շարքերին փոխանցել է նաեւ՝ 26-ի ընտրական ցուցակում տեղ են գտնելու բացառապես կուսակցականները, ասել է թե՝ ովքեր մինչ օրս անկուսակցական են, հույս չունենան, որ անգամ ցուցակի հետին հորիզոնականներում տեղ կզբաղեցնեն։
Նա կոլեկտիվ պատասխանատվության է մղում իշխանության հովանու տակ հայտնվածներին, որպեսզի վաղը որեւէ մեկը չկարողանա արդարանալ, թե ինքը կուսակցական չի եղել, չի կիսել ՔՊ-ի գաղափարները, երբեմն կռիվ է տվել դրանց դեմ եւ այլն։
Այժմ ՔՊ խմբակցության որոշ անկուսակցականներ կանգնած են ընտրության առաջ՝ անդամակցե՞լ ՔՊ-ին, առանց երաշխիքի, որ տեղ են գտնելու ցուցակում, ճակատին դաջելով ՔՊ խարանը, թե՞ հրաժարվել եւ տարանջատվել իշխանությունից։ Ի դեպ, իշխող ֆրակցիայի անկուսակցական պատգամավորները քիչ չեն՝ Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը, Շիրակ Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, գուցե էլի մարդիկ կան, որոնց չմտաբերեցինք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

























































































