ՀԱՐՑ. Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, որոնք առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում` այցելության, ուսանելու կամ բնակության նպատակով Հայաստանում գտնվող սփյուռքահայերի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր հայ մարդ իր հայրենիք պետք է մտնի ազատ, առանց վիզայի, առանց գումար վճարելու: Ուստի ՀՀ սփյուռքի նախարարությունն առաջարկություն ներկայացրեց` փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում Հայաստան ժամանողն արդեն իսկ 21 օրվա համար վճարում է ոչ թե 15.000 դրամ, այլ 3.000 դրամ: Փաստորեն, 5 անգամ փոքրացվեց մուտքի գումարի չափը: 2009թ-ի ապրիլի 1-ից օրենքը գործում է նշված փոփոխությամբ: Սա ամենակարեւոր փոփոխություններից է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ Հայաստան մուտք գործելիս օգտվում է այս օրենքից: Իսկ ինչ վերաբերում է հայրենիքում մնալու ժամանակահատվածին, ապա գործող կարգի համաձայն` քաղաքացին Հայաստանում կարող է մնալ մինչեւ 21, 120 եւ ավելի օրեր` վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ օրենքում հայրենիքում 120 օր անցկացնելու թույլտվության համար սահմանված էր 105 հազար դրամ: Քննարկումների արդյունքում ընդունվեց մի տարբերակ, որի համաձայն` այժմ մեկ տարվա ընթացքում մինչեւ 120 օր հայրենիքում գտնվելու դեպքում մարդը վճարելու է միայն 40 հազար դրամ, իսկ վեց ամսվա ընթացքում 60 օր անցկացնելու դեպքում` 20 հազար դրամ: Այս ամենը վկայում է, որ սկզբունքորեն փորձ է արվում հնարավորինս մատչելի դարձնել հայրենիք գալն ու մնալը: Սա կարեւոր հանգամանք է, եւ այսօր սփյուռքահայն այս սկզբունքով է մնում հայրենիքում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենիք այցելելու ցանկություն ունեցող սփյուռքահայը, իհարկե, հազիվ թե հաշվի առնի, թե ինքն ինչ չափի գումար է պարտավորվում վճարել: Ամեն դեպքում, տարօրինակ ու անհասկանալի է թե՛ գործող կարգը, թե՛ դրանում կատարված փոփոխությունը: Պարզ է, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե տվյալ դեպքում վճարման որեւէ կարգ չկիրառվեր: