ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտ է համարում, որ միլիարդատեր Ջորջ Սորոսի հանդեպ մեղադրանք առաջադրվի շորթման և կոռուպցիայի, նաև երկրում «բռնի բողոքի ցույցերին» ենթադրյալ աջակցության համար։
Ըստ Թրամփի՝ Սորոսը և նրա «ծայրահեղ ձախ» որդին՝ Ալեքսը, որը գլխավորում է ընտանիքի բարեգործական հիմնադրամը, պետք է մեղադրվեն դաշնային օրենքի համաձայն, որը սովորաբար օգտագործվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար։ «Մենք այլևս թույլ չենք տա, որ այս խելագար մարդիկ քանդեն Ամերիկան», – գրել է նախագահը իր Truth Social սոցիալական ցանցում։
Օգոստոսի սկզբին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բաց հասարակության հիմնադրամները, որոնք դրամաշնորհներ են բաշխում Սորոսի անունից, ֆինանսավորել են Թրամփի վարչակազմի կողմից Վաշինգտոնում զորքեր տեղակայելու դեմ անցկացված բողոքի ցույցերը։























































































