Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության մամուլի սրահում oգոստոսի 28-ին տեղի է ունեցել ասուլիս նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել են սեպտեմբերի 1-ին ընդառաջ և նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո ավտոճանապարհներին, դպրոցամերձ տարածքներում և ուսումնական հաստատություններում իրականացվող համալիր միջոցառումները, որոնք միտված են հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը։
Ներկայացվել են նաև ՆԳ նախարարության օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք անչափահասներին հնարավորինս զերծ կպահեն հակաիրավական արարքներից։
Բանախոսները պատասխանել են նաև լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին։






























